Նախագահի նախկին թեկնածու, «էպոսագետ» ներկայացող Վարդան Սեդրակյանը կոչ է անում ընդդիմադիր պատգամավորներին վայր դնել մանդատները եւ ստեղծել ԱԺ-ում ներկայացված քաղաքական գործիչների խորհուրդ: Այս մասին նա ասաց այսօր` փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով` իր կոչն առաջին հերթին ուղղված է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին, հետո Հրանտ Բագրատյանին: «ՀԱԿ-ը եւս պետք է վայր դնի իր մանդատները, որից հետո ՀՅԴ-ն եւս կմիանա նրանց: Սրանից հետո կստեղծվի մի խորհուրդ, որը կգլխավորի ազգային զարթոնքը»,- ասաց Վարդան Սեդրակյանը, հավելելով, որ հակառակ դեպքում շարժումը կգնա փակուղի:

Հարցին, թե հնարավո՞ր է ինքը կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանին կողքին, Սեդրակյանը պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գործելաոճն իրեն անհասկանալի է, իսկ կողքին կանգնելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե մարդը կոնկրետ ինչ քայլեր է պատրաստվում անել, բացի այդ, Րաֆֆի Հովհաննիսյանը մյուս թեկնածուներին չի առաջարկել միանալ:

«Ինքը երբեւէ չի դիմել մյուս թեկնածուներին եւ մինչեւ հիմա էլ պահանջում է, որ մինչեւ մարտի 2-ը Սերժ Սարգսյանը խոսի եւ էլի հանդիպում է ուզում»,- ասաց Վարդան Սեդրակյանը, նշելով, որ այդ շարժման հաջողությունը կախված է ոչ թե ժողովրդից, այլ` ընդդիմադիր ուժերի համախմբումից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am