Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության զարգացումն այլընտրանք չունի, Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«Ես հասկանում եմ, որ Վրաստանում ով էլ լինի իշխանության ղեկին, հասկանում է Ադրբեջանի նշանակությունը...  Դա քաղաքական ուղղություն  է երկու ժողովուրդների միջեւ: Դա այլընտրանք չունի», - ասել է Սահակաշվիլին ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Իլհամ Ալիեն իր հերթին ընդգծել է, որ Սահակաշվիլիի պաշտոնական այցն Ադրբեջան երկու երկրների հարաբերությունների զարգացման  գործում շատ կարեւոր փուլ է նշանավորում եւ նշել է, որ «հարաբերությունների այդ փուլում անհրաժեշտ է ապահովել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության լիարժեք շարունակականությունը», հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին փետրվարի 27-28-ը այցով գտնվում է Ադրբեջանում: Նրան ուղեկցում են  խորհրդարանական փոքրամասնության պատգամավորներ եւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:  Նախօրեին Բաքու ժամանելով`  նա հայտարարել է, որ «գրեթե հարազատ Բաքվում» գտնվելը վրացական պատվիրակության համար մեծ պատիվ է: Փետրվարի 27-ին Սահակշվիլին հանդիպել է Իլհամ Ալիեւին, որից հետո տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումն ընդլայնված կազմով:  Այսօր Սահակաշվիլին այցելել է Միլի Մեջլիս: