ԵՊՀ-ի դասադուլ հայտարարած ուսանողներից մեկը նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի որդին է: Այս մասին, այսօր` փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ինքը` Վարդան Սեդրակյանը: Նրա խոսքով` իր որդին դասադուլին միացել է ռեկտորի օգնականի պահվածքից հետո եւ ստորագրահավաքով պահանջում են նրա հրաժարականը:
Սեդրակյանը նշեց, որ ամբողջովին աջակցում է երիտասարդներին, թեեւ մինչեւ այդ միջադեպը դեմ է եղել դասադուլին:
Նա ընդգծեց, որ առաջին հերթին պետք է հրաժարական տան ԵՊՀ-ի ռեկտորը եւ մյուս բոլոր ռեկտորները, ովքեր երիտասարդներին թույլ չեն տվել արտահայտել իրենց կարծիքը: «Հետաքրքիր բան է ստացվում, 2008թ-ի մարտի 1-ին ժողովրդի դեմ հանեցին Ղարաբաղի սպեցնազը, իսկ հիմա էլ ախալքալակցիներին: Կարծես մտածված քաղաքականություն է գնում, որ հայերը մասնատվեն եւս սկսեն իրար ատել»,- ասաց Վարդան Սեդրակյանը եւ ավելացրեց, որ եթե ուսանողների պահանջները չբավարարվեն, ինքը եւս միանալու է նրանց:
Անդրադառնալով Սերժ Թանգյանի եւ Սերժ Սարգսյանի նամակագրությանը, նա ասաց, որ հարգում է Սերժ Թանգյանին` իր կատարած քայլի համար եւ ցանկություն հայտնեց, որ մյուսներն էլ նման համարձակ քայլ դրսեւորեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 27-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ տեղի ունեցած հերթական բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ է գրանցվել: Դասադուլավորների՝ «Մենք ձեզ սիրում ենք» կոչին ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը պատասխանել է. «Մենք էլ ձեզ ենք սիրում, բայց միայն աղջիկներին»: Հետո նա նաեւ նշել է. «Զորքը բեր առաջ, տղերքին՝ ախալքալաքցիներին բեր առաջ»: Դրանից բացի երիտասարդներից մեկը, դիմելով դասադուլավորներին, բղավել է «սիկտիր»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























