Համաժողովրդական շարժումը հաղթանակի է հասնելու առանց «զադնիի»: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում իր կողմնակիցների հետ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Ես երբեք չեմ նահանջի: Ձեզ հետ միասին առաջ կգնանք: Առանց զադնիի: Կամ էլ, եթե ճիշտ ասենք, առանց «զադնի խոդի»: Մենք գնալու ենք հաղթանակի, իրավական Հայաստանի, Սահմանադրական Հայաստան: Մենք խոնարհվում ենք ձեր առջեւ, շնորհավորում եմ ձեզ»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա վստահ է, որ իր ղեկավարությամբ ժողովուրդը հինգ տարում կհասնի աշխատատեղերի բացման եւ արժանապատիվ աշխատավարձերի, հայրենիքի վերադարձի, հարգանքի զինվորի նկատմամբ: «Գործազրկությունն ու անհուսությունը գրողի ծոցը կգնան, պատմության գրքերում միայն կգրվեն: Նման Հայաստան կարելի է կառուցել միայն իրավունքի սկզբունքներով: Ո՞վ եք դուք, որ ոտնահարում եք մեր իրավունքները: Լինի դա քաղաքապետ կամ քաղաքապետ, գյուղապետ, թե ոստիկան: Ոչ ոք իրավունք չունի ոնահարել հայ ժողովրդի իրավունքը: Դա ես կասեմ նաեւ արտերկրում: Եւ Վլադիմիր Վլադիմիրովիչին, եւ Բարաք Օբամային, եւ ողջ աշխարհին: Հայ ժողովուրդը շատ է կորցրել իր պատմության ընթացքում, բայց փետրվարի 18-ին Հայաստանի քաղաքացին ասաց` սա իր քաղաքն է, իմ երկիրը»,- նշել է Հովհաննիսյանը: