Այսօր` փետրվարի 13-ին Վանկուվերում 21-րդ Օլիմպիական խաղերը հայտարարվել են բացված: Ինչպես հաղորդում է Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը, Դեւիդ Պիրսի «Կրակը բարձունքում» երգի հնչյունների ներքո ասպարեզ են դուրս եկել Կանադայի գեներալ նահանգապետ Միքայել Ժանը, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն եւ հնդկացիական 4 ցեղերի առաջնորդները, որոնց տարածքում կառուցվել են օլիմպիական օբյեկտները:

Կանադայի օրհներգից հետո, Օլիմպիական խաղերի կազմակերպիչ կողմերի ելույթներից հետո, ավանդույթի համաձայն առաջինը ասպարեզ դուրս եկավ Հունաստանի հավաքականը:

Արարողության ավարտին պարաօլիմպիկ խաղերի մասնակից Ռիկ Հանսենը, չմշկավազորդուհի Կատրինա Լեմեյ-Դոանը, բասկետբոլիստ Սթիվ Նեշը, լեռնադահուկորդուհի Նենսի Գրինը եւ հոկեյիստ Ուեն Գրեցկին վառել են Օլիմպիական կրակը:

Օլիմպիական խաղերը կտեւեն 17 օր, որի ընթացքում կխաղարկվեն 86 մեդալներ` 15 մարզաձեւերում՝ բիաթլոն, բոբսլեյ, լեռնային դահուկավազք, քերլինք, դահուկային սպորտ, դահուկացատկ, սահնակային սպորտ, չմշկավազք, սկելետոն, սնոուբորդ, գեղասահք, ֆրիսթայլ, հոկեյ եւ շորթ-տրեկ:

Նշենք, որ արարողության կազմակերպիչները հարգել են փետրվարի 12-ին Վանկուվերում մարզումների ժամանակ զոհված վրացի մարզիկի հիշատակը: Վրաստանի հավաքականը ասպարեզ է դուրս եկել սգո սեւ թեւկապներով:

Վրացի մարզիկը մարզումների ժամանակ կորցրել էր կառավարումը եւ 145 կմ/ժ արագությամբ բախվել պատին ու դուրս թռել երթուղուց: