Գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին վերջին մեկ ամսում խոսում են բոլորը, բացառությամբ էներգետիկայի նախարարի։ Եվ վերջապես «Իրատես de facto» թերթին հաջողվել է զրուցել նախարարի հետ.

«-Պարոն նախարար, Ձեզ հետ ուզում եմ խոսել Ձեր չսիրած հարցի` գազի սակագնի մասին։

-Ո՞վ է ասում, որ այդ հարցն իմ սիրած հարցը չէ։

-Այդ դեպքում խոսենք հենց Ձեր սիրած հարցից։

-Դրա մասին կխոսենք, երբ բանակցությունները կավարտվեն։

-Ե՞րբ կավարտվեն։
-Բանակցություններն այժմ ընթացքի մեջ են, եւ երբ ավարտվեն, կտեղեկացնենք։

-Իսկ ե՞րբ են սկսվել բանակցությունները։

-Մոտ երեք ամիս է։

-Եթե հիշում եք, Դուք պարբերաբար ասում էիք, որ գազի սակագնի բարձրացում տեղի չի ունենա։ Ո՞րն է երաշխիքը, որ այդպիսի բան չի լինի եւ ինչո՞ւ չպետք է լինի։

-Իսկ ես նման երաշխիք երբեւէ տվե՞լ եմ։ Ասել եմ հետեւյալը` ինչպիսի սակագին էլ սահմանվի, միեւնույն է, այն ցածր կլինի ԱՊՀ երկրներին տրամադրվող գազի սակագնի համեմատ։ Դա երաշխավորում եմ։

-Ամեն դեպքում, գազի սակագինը մոտավորապես ինչքա՞ն կբարձրանա։ Նկատեմ, որ անցած տարի սահմանի վրա արդեն իսկ գազի մաքսային արժեքը բարձրացել է։

-Չեմ կարող այս պահին սակագնի վերաբերյալ հստակ որեւէ բան ասել, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են, եւ դրանց արդյունքում միայն հարցը կհստակեցվի»,- մեջբերում է «Իրատես de facto»-ն։