Երեկ Գյումրիի յոթ բուհերի ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել քաղաքի կենտրոնական փողոցներում, հրապարակներում, մարզպետարանի շենքի դիմաց ու դիվանագիտական հաստատությունների առջեւ։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Ուսանողները ոտքով ցեխոտ փողոցներով ուղեւորվեցին դեպի ռուսական հյուպատոսարան: Այնտեղ նրանց գրավոր բողոքը չընդունեցին` պատճառաբանելով, թե հյուպատոսը տեղում չէ: Ցուցարարները շարժվեցին դեպի դատարանի շենք, որտեղ մուտքի մոտ ընթերցեցին իրենց նամակը` ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին: Նրան ամոթանք տվեցին` անվանելով վաստակավոր նկարիչ:

Վերջում ուսանողները մի հետաքիքր ակցիա կազմակերպեցին Թատերական հրապարակում ու Ռիժկովի ճեմափողոցում: Նրանք դիմակներ հագան` հինգ հազարանոց ընտրակաշառքը խորհրդանշող, ու լուռ ներկայացրեցին Գյումրու բոլոր խնդիրները` ցուցապաստառների վրա: Օրինակ` «Չենք ուզում այլեւս խոպան գնալ», «Չենք վաճառվի» եւ այլն»,- գրում է «Առավոտը»: