Բաղդադի Տիգրիս գետի լողացող ռեստորանն այցելուներով հանդերձ ջրի տակ է անցել: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում, նավի վրա բազմաթիվ հյուրեր են եղել, այդ թվում` կանայք եւ երեխաներ:
Այցելուների եւ զոհերի թվերի մասին տվյալները տարբեր են: ՆՏՎ-ն հայտնում է, որ այցելուների թիվը հարյուրից ավելի է եղել, զոհվել է 15 մարդ, եւ այդ թիվը վերջնական չէ, քանի որ հյուրերից շատերը համարվում են անհետ կորած:
Rbc-ն հայտնում է, որ լողացող ռեստորանում եղել է 80 ուղեւոր, զոհվել է ութը։
Ըստ տեղի ոստիկանության` լիբանանյան խոհանոցով ռեստորան ունեցող նավը գտնվել է վթարային վիճակում: Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է փրկել 30 մարդու: Եւս ութ մարդու մարմին ջրից հանվել է ավելի ուշ: Լողացող ռեստորանի մյուս այցելուները ներկայումս համարվում են անհետ կորած: Տեղի փրկարար ծառայությունները փորձում են պարզել նրանց ճշգրիտ թիվը: Ողբերգության պատճառն անհայտ է:




























