Ռուսաստանում խարդախության մեղադրանքով հեռակա կարգով կալանավորված  «Մոսկվայի բանկի» նախկին տնօրեն Անդրեյ Բորոդինը քաղաքական ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում:  Այդ մասին հայտնել է հենց Բորոդինը, որի կարծիքով ՌԴ-ի իշխանությունները քաղաքական դրդապատճառներով են հալածում իրեն եւ իր գործընկերներին:

Ըստ գործարարի` հետապնդումների գլխավոր նախաձեռնողը Դմիտրի Մեդվեդեւն է, գրում է «Վեդոմոստին»:

Մոսկվայի բանկի նախկին նախագահ Անդրեյ Բորոդինին եւ նրա տեղակալ Դմիտրի Ակուլինինին մեղադրում են «Պրեմիեր Էսթեյթ» ընկերությանը  12,8 միլիարդ ռուբլի չապահովագրված վարկ տրամադրելու համար:  Հետագայում այդ փողերը հայտնվել էին Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջ` Ելենա Բատուրինայի հաշիվներին: 2012թ. հոկտեմբերին քննիչները կալանք էին կիրառել Բորոդինի 400 միլիոն դոլար արժողությամբ գույքի նկատմամբ:

2011թ. գարնանը Բորոդինը «Մոսկվայի բանկի» բաժնետոմսերի իր փաթեթը վաճառել էր գործարար Վիտալի Յուսուֆովին, որն իր հերթին դրանք վաճառել էր ՎՏԲ-ին: Ըստ Բորոդինի` այդ ամբողջ պատմության հետեւում կանգնած է եղել բանկը վերահսկելու իշխանությունների որոշումը, որն իրականացնում էին ՎՏԲ-ի նախագահ Անդրեյ Կոստինը եւ Վիտալի Յուսոֆովի հայր Իգոր Յուսուֆովը, ով այն ժամանակ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հատուկ ներկայացուցիչն  էր: