Շատ երկրներում քաղաքական հակառակորդներին այլևս պարզապես սխալվող չեն համարում․ նրանց ավելի ու ավելի հաճախ ընկալում են որպես սպառնալիք։ Թե ինչու է դա տեղի ունենում, և ինչ կապ ունի դրա հետ անվերջ լրահոսը, The Times of Israel-ի համար գրված սյունակում վերլուծել են կլինիկական հոգեբաններ Շելլի Ստայնվուրցելը և Ջեսիկա Զմուդը։
Հեղինակների կարծիքով՝ խնդրի արմատը միայն քաղաքականության մեջ չէ․ ուղեղը լրահոսն ընկալում է որպես սպառնալիքների շարան։ Վտանգի հայտնաբերման գործում կարևոր դեր ունի նշաձև մարմինը․ այն սրում է ուշադրությունը և խթանում սթրեսի հորմոնների արտազատումը։ Այս համակարգն օգնում է արձագանքել հանկարծակի վտանգին, մինչդեռ այժմ տագնապալի պատկերները մարդուն հետապնդում են հեռախոսում՝ հաճախ առանց գործելու հնարավորություն տալու։ Հեղինակները հղում են անում PNAS-ում հրապարակված հետազոտությանը, ըստ որի՝ 2013 թվականին Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո օրական վեց ժամ լուրեր դիտած մարդիկ հայտնել են ավելի ուժեղ սուր սթրեսի մասին, քան հարձակման ականատեսները։
Անորոշությունն ավելի է բարդացնում իրավիճակը․ Science ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ կեղծ լուրերն ավելի արագ ու լայն են տարածվում, քան հավաստիները, ուստի ընթերցողը ստիպված է կողմնորոշվել հակասական տեղեկությունների հոսքում։ Երկարատև, անվերահսկելի լարվածությունը վատթարացնում է նախաճակատային կեղևի աշխատանքը՝ ուղեղի այն հատվածի, որը պատասխանատու է կշռադատված դատողությունների և հույզերի կարգավորման համար։ Որքան ավելի շատ է անհրաժեշտ հասկանալ սպառնալիքներով լի աշխարհը, այնքան ավելի դժվար է դրա մասին հստակ մտածել։
Հատկապես խոցելի են դեռահասները․ նրանց ինքնավերահսկման համակարգերը դեռ հասունացման փուլում են, իսկ առցանց միջավայրը խրախուսում է նրանց վրդովմունքը, կտրուկ դատողություններն ու խմբային հավատարմությունը։ Լարվածության պայմաններում, գրում են հոգեբանները, մեծահասակների մոտ նույնպես գործի են դրվում հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի պաշտպանական մեխանիզմները՝ տրոհումն ու պրոյեկցիան։ Աշխարհը բաժանվում է հերոսների ու չարագործների, նրբերանգները նկատելը դավաճանություն է թվում, իսկ սեփական վախի համար մեղադրվում է ուրիշը։
Արտաքուստ սա դրսևորվում է որպես աֆեկտիվ բևեռացում․ մարդիկ արդեն թշնամանում են ոչ թե ուրիշների գաղափարների, այլ հենց մարդկանց հետ։ Science Advances-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ հավանումներն ու վերահրապարակումները օգտատերերին աստիճանաբար սովորեցնում են ավելի շատ բարոյական վրդովմունք արտահայտել։
Հեղինակները կարծում են, որ ելքը տեղեկատվական հիգիենայի մեջ է․ նրանք կոչ են անում ստուգել լուրերի աղբյուրները, սովորել միաժամանակ մտքում պահել երկու ճշմարտություն, ինչպես նաև դատապարտել մարդու արարքը, ոչ թե հենց իրեն։ «Վախեցած միտքը թշնամիներ է փնտրում։ Խորհող միտքը ճշմարտությունն է փնտրում»,— եզրափակում են հոգեբանները։





























