Ռուսաստանում զանգվածային անկարգությունների կազմակերպման  համար հեռակա կարգով դատապարտված վրացի քաղաքական գործիչ եւ պատգամավոր Գիվի Թարգամաձեն հայտնել է, որ  չի ճանաչում ռուս ընդդիմադիրներին:

«Ոչ մի հանդիպում էլ Մինսկում չի եղել, ոչ մի խոսակցություն: Դա կեղծիք է», - հայտնել է Թարգամաձեն «Դոժդ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Նա հավելել է, որ չի ճանաչում ռուս ընդդիմադիրներից ոչ մեկին, այդ թվում նաեւ Սերգեյ Ուդալցովին: «Ես Ռուսաստանում դրանով չեմ զբաղվել եւ չեմ շփվել ռուս ընդդիմադիրների հետ: Ես ծանոթ չեմ Ուդալցովի հետ, սակայն հուսով եմ, նրան չեն կալանավորի,  եւ մենք ծանոթանալու հնարավորություն կունենանք»:

Վրացի քաղաքական գործիչը չի հերքել իր մասնակցությունը ԱՊՀ երկրների «գունավոր հեղափոխություններին»: «Հեղափոխության ժամանակ եղել եմ Ուկրաինայում, Ղրղըզստանում, Բելառուսում: Հնարավոր է, նրանք որոշել են, թե մտադիր եմ Ռուսաստանով զբաղվել, հնարավոր է եւ զբաղվեի»,- ասել է Թարգամաձեն, նշելով, որ կոմպրոմատ է հավաքել Ռուսաստանի ղեկավարության դեմ:

Ըստ վրացի քաղաքական գործչի` ինքը կջանա հասնել նրան, որ Ինտերպոլը չարձագանքի իր միջազգային հետախուզման վերաբերյալ  Ռուսաստանի պահանջներին: Նա հայտարարել է, որ գտնվում է Վրաստանում, սակայն չի վախենում ձերբակալությունից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեն հեռակա կարգով կալանավորվել է Ռուսաստանում, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: