Փետրվարի 27-ին, Վրաստանում իր հովվական այցի շրջանակներում, քաղաքավարական այցով Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանին այցելել է Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի ու Արեւելյան Եվրոպայի թեմերի առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Ողջունելով Գերաշնորհ արքեպիսկոպոսին` դեսպան Մանուկյանն անդրադարձել է հայ եկեղեցու դերի կարեւորությանը Սփյուռքում հայկական ինքնության պահպանության գործում:

Հանդիպման ընթացքում, ներկայացնելով տարածաշրջանում Հայ Կաթողիկե Եկեղեցու հետեւորդներին, Տեր Ռաֆայելը արքեպիսկոպոս Մինասյանը, մասնավորապես նշել է, որ  Ջավախքի տարածաշրջանում առկա է մոտ 60 հազար հայ կաթողիկե համայնք`  շրջկենտրոն քաղաքներում եւ 20-ից ավելի գյուղերում:  Զրուցակիցներն անդրադարձան Վրաստանի հայ համայնքում առկա կրթական, հոգեւոր եւ մշակութային հիմնախնդիրներին առնչվող բազմաբնույթ հարցերի, այդ թվում` հայկական դպրոցներում հայոց լեզու եւ գրականության դասաժամերի քանակի եւ այլ առարկաների` հայերենով դասավանդման խնդիրներին:

Դեսպան Մանուկյանը եւ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը քննարկել են նաեւ ջավախքի հայությանը հուզող մի շարք սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հավատքի, խղճի ազատության լիարժեք դրսեւորման իրավական եւ փաստական հնարավորություններին` որպես ոչ միայն հոգեւոր ինքնադրսեւորման արտահայտչաձեւ, այլ նաեւ որպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման առումով պետության պարտավորություն: 

Հանդիպման ավարտին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի ու Արեւելյան Եվրոպայի թեմերի առաջնորդին այցելության համար, մասնավորապես, կարեւորելով պետության եւ եկեղեցու համագործակցության արդյունավետությունը հայության հոգեւոր եւ մշակութային կյանքի զարգացման գործում:

Նշենք, որ Հայ Կաթողիկե Եկեղեցին պատկանում է Արեւելյան Կաթողիկե Եկեղեցիների շարքին եւ ենթարկվում է Հռոմի Պապի առաջնությանը։ Հայ կաթողիկե եկեղեցու հիմնադրման գաղափարը առաջացել է 12-րդ դարի վերջում Կիլիկյան Հայաստանի տարածքով դեպի Սուրբ Հող ճամփորդող խաչակիրների եւ տեղի հոգեւորականության միջեւ հարաբերությունների հաստատումից։ Ներկայիս Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ. Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայրապետն է:

Տանն Կիլիկիո Հայ կաթողիկե պատրիարքությունը ներկայումս առաջնորդություններ (թեմեր, վիճակներ, էքզարքություն, փոխանորդություն, համայնքներ) ունի Եվրոպայում, Հյուսիսային  եւ Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում, Ավստրալիայում, Հայաստանում եւ Վրաստանում:

Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի թեմը (առաջնորդարանը` Գյումրիում) կազմավորվել է 1991-ին` Հռոմի պապի վճռով: Ընդգրկում է նաեւ Ռուսաստանը եւ Ուկրաինան: