Քարնեգի հիմնադրամը 2012թ-ին Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Ռուսաստանում հարցումներ է պատվիրել` պարզելու համար հասարակության վերաբերմունքը խորհրդային բռնապետ Ստալինի նկատմամբ: Հարցումները ցույց են տվել, որ նախկին Խորհրդային Միության տարածքում ապաստալինացումը չի հաջողվել եւ հետխորհրդային քաղաքացիներից շատերն իրենց պատմության հետ չեն վիճում:
Համաձայն Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարկված հարցման արդյունքների` Ռուսաստանում ընդհանուր առմամբ կարելի է նկատել Ստալինի նկատմամբ անտարբերության բարձր մակարդակ. հարցվածների 50%-ը չեզոք վերաբերմունք է արտահայտել նրա նկատմամբ: Մասնավորապես, նկատելի սոցիալական կապիտալ ունեցող հարցվածները չեն ցանկացել հստակ կարծիք հայտնել Ստալինի մասին:
Վրացիների զարմանալի մեծ թիվ` հարցվածների 45%-ը դրական է վերաբերվում Ստալինին: Անգամ Հայաստնում եւ Ադրբեջանում, որտեղ առասպելականացված էմոցիոնալ կապը Ստալինի հետ թույլ է , քան Վրաստանում եւ Ռուսաստանում, նա հավանության բավականին բարձր վարկանիշ ունի: Ամենազարմանալի արդյունքն արձանագրվել է Ադրբեջանում, որտեղ հարցվածների գրեթե քառորդ մասը` 22%, ինչպես նաեւ երիտասարդների 39%-ը ասել են, թե չգիտեն, ով է Ստալինը: Այդ արդյունքը ենթադրում է, որ Ստալինի անունը Ադրբեջանի կրթական համակարգում առանձնապես չի հիշատակվում:
Հայաստանում Ստալինի նկատմամբ անտարբեր է հարցվածների 25%-ը, մյուս 25% -ը հարգում կամ հավանության է արժանացնում նրան, 35%-ը բացասական զգացմունքներ ունի: Հետաքրքիր է , որ Հայաստանում հարցվածների 8%-ն ասել է, թե չգիտեն, ով է Ստալինը: Ի պատասխան հարցին, թե կցանկանային ապրել Ստալինի նման ղեկավար ունեցող երկրում, հարցվածների 11%-ն ասել է «հաստատ` այո», մյուս 11% -ը պատասխանել է «հավանաբար` այո», 56%-ը պատասխանել է «հաստատ` ոչ», եւ 16%-ը` «հավանաբար` ոչ»: Հայաստանում հարցվածների մոտ 55%-ը համաձայն է, որ Ստալինն իմաստուն կառավարիչ էր, 69%-ը նրան դաժան բռնապետ է համարում:




























