ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների ապահովման ծախսերում նախատեսված են իրավաբանական և փաստաբանական ծառայություններ, որոնք ուղղված են միջազգային դատարաններում, արբիտրաժներում ու այլ ատյաններում երկրի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։ Այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

Ինչպես նշեց պատգամավորը, այդ նպատակով նախատեսված է հսկայական գումար՝ շուրջ 9 մլրդ 508 մլն դրամ։

«Կարող եմ ենթադրել, որ սա հիմնականում կապված է միջազգային արբիտրաժներում քննվող՝ քաղաքական դրդապատճառներ ունեցող գործերի հետ։ Ըստ էության, համապատասխան սխալ որոշումների հետևանքով մեր հարկատուները ստիպված են լինելու վճարել այդ գումարը։ Ինչպե՞ս եք հաշվարկել այդ 9 մլրդ 508 մլն դրամը, և կոնկրետ ո՞ր գործերի համար են նախատեսված այդ միջոցները»,- դիմելով կառավարության ղեկավարի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին՝ հետաքրքրվեց Ֆարմանյանը։

Ի պատասխան՝ վերջինս նշեց, որ ձեռնպահ կմնա կոնկրետ գործերի վերաբերյալ մեկնաբանություններից, և առաջարկեց գրավոր հարցում ուղարկել՝ հանգամանալից պատասխան ստանալու համար։

«Բյուջեի ծավալը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Հայաստանը, բնականաբար, պաշտպանելու է իր շահերը բոլոր միջազգային ատյաններում»,- ընդգծեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։