Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մարտի 2-ին երկու հարյուրից ավելի չեխահայեր և չեխ համակիրներ հանրահավաք-երթով հարգել են սումգաիթյան ցեղասպանության զոհերի հիշատակը:
Երթը, որին մասնակցել են հայ համայնքի կազմակերպությունների
ներկայացուցիչներ, ուսանողներ և Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի սաները, մեկնարկել է մարդաշատ Հանրապետության հրապարակում: Այնուհետև ցուցարարները, ծածանելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Չեխիայի պետական դրոշները, կրելով սումգաիթյան ոճրագործությունը,
Հայոց ցեղասպանությունը և Ադրբեջանի հակահայ ռազմաշունչ քաղաքականությունը դատապարտող պաստառներ և Սումգայիթի ջարդերի զոհերի լուսանկարներ, շարժվել են դեպի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակ, ուր իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի բռնատիրական, ագրեսիվ
և հայատյաց քաղաքականության դեմ: Շաբաթօրյա դպրոցի աշակերտներն անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանել են սումգայիթյան ջարդերի մասին հազարից ավելի տեղեկատվական թռուցիկներ: Ցույցն արժանացել է Պրահայի հարյուրավոր բնակիչների և հյուրերի հետաքրքրությանն ու համակրանքին:
Երթը եզրափակվել է Սուրբ Եղիայի եկեղեցում, ուր ելույթ է ունեցել Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա, դիմելով ցույցին մասնակցած չեխահայ բազմությանը, մասնավորապես նշել է. «Սա ոչ միայն սգո և ոգեկոչման երթ էր, այլ Չեխիայի հայ համայնքի միասնական ուժի դրսևորման երթ, դուք կարողացաք հնչեցնել մեր հիմնավորված, արդար պահանջները, արտահայտել անարդարության դեմ հայ ժողովրդի բողոքը: Մեր միասնությունը հզոր պատասխան է Ադրբեջանին և իր կաշառված «բարեկամներին»: Հայաստանը և հայ ժողովուրդը պատերազմ չեն ուզում, Հայաստանի կառավարությունը ջանք չի խնայում հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի համապատասխան խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում: Բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում պաշտպանելու մեր հայրենիքը,
պարտավոր ենք հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը` ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու, ապահով, երջանիկ ու արարիչ կյանքով ապրելու արցախցիների արդար իրավունքը»:
Այնուհետև Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցել է Արցախի, Սումգաիթի, Բաքվի, Գանձակի և Շահումյանի անմեղ հայ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, որին հաջորդած ելույթում կոչ է արել Չեխիայի հայերին էլ ավելի համախմբել ազգային գաղափարախոսության, հայոց պետականության և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ:
Հանրահավաք-երթը լուսաբանվել է չեխական «ČT-24» հեռուստատեսության, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության և «Օրեր» եվրոպական անկախ պարբերականի կողմից:






































