Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել ԱՄՆ-ում, Չեխիայում եւ Մեծ Բրիտանիայում:

ԱՄՆ

Մարտի 3-ին Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարագ եւ տեղի ունեցել հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հոր պատգամից հետո ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը եւ ԼՂՀ ներկայացուցիչը հանդես են եկել ելույթներով` իրենց խոսքում, մասնավորապես, ընդգծելով Սումգայիթում եւ այլ բնակավայրերում հայերի դեմ իրականացված ոճրագործությունների ոգեկոչման արարողությունների կարեւորությունը Սփյուռքում, հատկապես` Ադրբեջանի կողմից սեփական պատմության վերանայման ուղղությամբ Վաշինգտոնում եւ այլ մայրաքաղաքներում սանձազերծած քարոզչության ֆոնին:

Մեծ Բրիտանիա

Մարտի 3-ին բրիտանահայ համայնքային ուսանողական կազմակերպությունների ջանքերով Լոնդոնի հանրահայտ Թրաֆալգար հրապարակում կազմակերպվել է սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա: Ավելի քան երեք ժամ տեւած ակցիային ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ յոթ տասնյակ հայեր: Խաղաղ ցույցի ընթացքում պարզվել էին Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաեւ բազմաբնույթ բողոքի պաստառներ: Ցույցի մասնակիցները նաեւ անցորդներին էին բաժանում Սումգայիթյան ողբերգության մասին պատմող բրոշյուրներ:

Նույն օրը Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի բոլոր եկեղեցիներում տրվեց հոգեհանգստի պատարագ  սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Բողոքի այս ակցիայով Միացյալ Թագավորությունում մեկնարկ տրվեց Ղարաբաղյան շարժման ու սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որոնք կազմակերպվելու են ամբողջ մարտ ամսվա ընթացքում:

Չեխիա

Մարտի 2-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 200-ից ավելի չեխահայեր եւ չեխեր հանրահավաք-երթով հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը:

Երթը, որին մասնակցել են հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի սաներ, մեկնարկել է մարդաշատ Հանրապետության հրապարակում: Այնուհետեւ ցուցարարները, ծածանելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Չեխիայի պետական դրոշները, կրելով սումգայիթյան ոճրագործությունը, եւ Ադրբեջանի հակահայ ռազմաշունչ քաղաքականությունը դատապարտող բազմաթիվ պաստառներ եւ Սումգայիթի ջարդերի զոհերի լուսանկարներ, շարժվել են դեպի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակ, ուր իրենց բողոքն արտահայտեցին Ադրբեջանի բռնատիրական, ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականության դեմ: Շաբաթօրյա դպրոցի աշակերտներն անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանել են սումգայիթյան ջարդերին նվիրված հազարից ավելի տեղեկատվական նյութեր:

Երթը եզրափակվել է Սուրբ Եղիայի եկեղեցում, ուր ելույթ է ունեցել Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա, դիմելով ցույցին մասնակցած չեխահայ բազմությանը, մասնավորապես նշել է. «Սա ոչ միայն սգո եւ ոգեկոչման երթ էր, այլ նաեւ Չեխիայի հայ համայնքի միասնական ուժի դրսեւորման երթ: Դուք կարողացաք հնչեցնել մեր հիմնավորված, արդար պահանջները, արտահայտել անարդարության դեմ հայ ժողովրդի բողոքը: Մեր միասնությունը հզոր պատասխան է Ադրբեջանին եւ իր կաշառված «բարեկամներին»: Հայաստանը եւ հայ ժողովուրդը պատերազմ չեն ուզում, Հայաստանի Հանրապետությունը ջանք չի խնայում հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի համապատասխան խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում: Բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում պաշտպանելու մեր Հայրենիքը, պարտավոր ենք հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը` ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու, ապահով, երջանիկ ու արարիչ կյանքով ապրելու արցախցիների արդար իրավունքը»:

Հանրահավաք-երթը լուսաբանվել է չեխական ČT-24 հեռուստատեսության եւ «Օրեր» եվրոպական անկախ պարբերականի կողմից: