Մարտի 3-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը ԱՄԷ-ի Ազգային Դաշնային խորհրդի (ԱԴԽ, խորհրդարան) նախագահի Դուբայի նստավայրում հանդիպել է ԱԴԽ նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մրրի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, ր հանդիպման սկզբում ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի նախագահը խնդրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել վերընտրվելու կապակցությամբ իր շնորհավորանքները:
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ ԱՄԷ միջեւ հարաբերություններին, մասնավորապես` խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:
ԱՄԷ ԱԴԽ նախագահը բարձր է գնահատել հայ-էմիրաթյան հարաբերությունների մակարդակը եւ հայտնել ԱՄԷ իշխանությունների պատրաստակամությունն այն զարգացնելու ու ամրապնդելու ուղղությամբ` ընդգծելով հայ համայնքի կարեւոր ներդրումը ԱՄԷ տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքի զարգացման գործում:
ՀՀ դեսպանի եւ ԱՄԷ ԱԴԽ նախագահի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդարանական փոխայցելությունների ու շփումների ակտիվացման, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության մասին իրավական փաստաթղթի ստորագրման շուրջ:
Այդ կապակցությամբ, նախագահ ալ-Մրրին վերահաստատել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ԱՄԷ այցի հրավերը` նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացմանը:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:




























