Եգիպտական Պորտ-Սաիդ նավահանգստային քաղաքում աճում է երեկ ծագած զանգվածային անկարգությունների զոհերի թիվը: Վերջին տվյալներով, արդեն 568 մարդ տուժել է: Նրանց մեծ մասը թունավորվել է արցունքաբեր գազից, մյուսները հրազենային վնասվածքներ են ստացել: Զոհերի թիվը հասել է 5-ի, նրանցից երկուսը զինվորականներ են:
Բախումների պատճառ է դարձել իշխանությունների որոշումը` անցած տարվա փետրվարին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար դատապարտված 39 անձանց տեղափոխել այլ բանտ: Նորությունն իմանալուց հետո հարյուրավոր անձինք գրոհել են ոստիկանական բաժանմունքը: AP-ի փոխանցմամբ` հարձակմանը մոտ 5 հազար մարդ է մասնակցել:
Իրավիճակին միջամտել է բանակը: Նշենք, որ հունվարին 21 անձանց մահապատժի ենթարկելու վճիռը հանգեցրել էր բախումների, որոնց ընթացքում 40 մարդ էր զոհվել: Նոր վճիռ կայացվելու է մարտի 9-ին:
Բախումներ են նաեւ Կահիրեում: Նախօրեին հարյուրավոր մարդիկ են հավաքվել Թահրիր հրապարակում` բողոքելով Էլ-Մանսուրում ցուցարարների դեմ ուժի կիրառումից: Կահիրեի ցուցարարների գործողությունների պատճառով խախտվել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի ժամանակացույցը, եւ նա երկու ժամ ուշացել էր ինքնաթիռից:




























