Anheuser-Busch InBev (АВ InBev) գարեջրագործական ընկերությունը գարեջրին ջուր խառնելու մեղադրանքներին ի պատասխան գովազդային նյութեր է տարածել՝ կատակելով հայցերի առթիվ: АВ InBev-ի գովազդային  հայտարարությունները մարտի 3-ին տեղակայվել են ամերիկյան տասնյակ թերթերում, այդ թվում՝ The New York Times-ում եւ Los Angeles Times-ում:

Գովազդում պատկերված է խմելու ջրի մետաղական տարա` բարեգործական կազմակերպություններին АВ InBev-ի նվիրաբերած 71 միլիոն տարաներից մեկը: «Նրանք, հավանաբար, փորձել են դրանցից մեկը», - գրված է տարայի նկարի մոտ: Հավելյալ տեքստում նշվում է, որ ցանկացած այլ դեպքում Anheuser-Busch լոգոն ընկերության թողարկած  բարձրորակ գարեջրի «անխախտ երաշխիքն է»:

Դժգոհ ամերիկացիներին ներկայացնող փաստաբաններից մեկը` Ջոշ Բոքսերը, գովազդն անվանել է «ոչինչ չհերքող հերքման դասական օրինակ», գրում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ  АВ InBev-ի դեմ հայցերը ներկայացրել էին գարեջրի սիրահարները Քալիֆորնիայում, Կոլորադոյում, Օհայոյում, Միսուրիում, Նյու Ջերսիում, Փենսիլվանիայում եւ Թեքսասում: Ընկերությանը մեղադրում են  գարեջրի տասը տեսակներում ալկոհոլի նվազեցման մեջ` Budweiser, Bud Ice, Bud Light Platinum, Michelob, Michelob Ultra, Hurricane High Gravity Lager, King Cobra, Busch Ice, Natural Ice եւ Bud Light Lime: Հայտերից յուրաքանչյուրի պահանջը կազմում է առնվազն հինգ միլիոն դոլար: