Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է միլիարդատերերի նոր գլոբալ բականիշը: հանդեսի տվյալներով, վարկանիշում ընդգրկված անձանց կապիտալը կազմում է 5,4 տրիլիոն դոլար` նախորդ տարվա 4,6 տրիլիոնի փոխարեն: Ընթացիկ տարում ցանկն ավելացել է 210 ազգանուններով եւ կազմել է 1426 մարդ:

Ամենահարուստ մարդը չորրորդ տարին անընդմեջ լատինամերիկյան America Movil հեռահաղորդակցային կայսրության տերն է` Կարլոս Սլիմ Էլուն: Մեկ տարում նրա ունեցվածքը 69 մլրդից հասել է 73 մլրդ դոլարի:

Երկրորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսն է` 67 մլրդ դոլարով: Մեկ տարում նրա ունեցվածքն աճել է 6 մլրդ դոլարով: Երրորդ տեղում Inditex առեւտրային կայսրության հիմնադիր, Zara հագուստի ապրանքանիշի տեր Ամանսիո Օրտեգան է` 57 մլրդ դոլարով, ում ունեցվածքը մի տարում աճել է 19,5 մլրդ դոլարով: Ուորեն Բաֆեթը չորրորդն է` 53,5 մլրդ դոլարով, իսկ 5-րդը` Oracle-ի հիմնադիր Լարրի Էլիսոնը:

Առաջին տասնյակում են նաեւ Koch Industries-ի հիմնադիրներ Չառլզ եւ Դեւիդ Կոխերը, որոնց ունեցվածքն աճել է 9 մլրդ դոլարով: Եղբայրներից յուրաքանչյուրն ունի 34 մլրդ դոլար:

Ասիայի ամենահարուստ մարդը` Լի Կա-Շինն ունի 31 մլրդ դոլար, L`Oreal-ի տիրուհի Լիլիան Բետանկուրը (30 մլրդ) եւ ֆրանսիացի մագնատ Բեռնար Արնոն 29 մլրդ: Google-ի հիմնադիրներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը 20-րդ եւ 21-րդ տեղերում են: