Վենեսուելայի իշխանությունները հայտնել են մայրաքաղաք Կարակասի ռազմական հիվանդանոցում բուժվող նախագահ Ուգո Չավեսի առողջության վատթարացման մասին։

Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլիեգասը ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնել է նախագահի շնչուղիներում նոր վարակի ի հայտ գալու մասին, գրում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին երկրի իշխանություններն առաջին անգամ խոստովանել էին, որ Վենեսուելայի նախագահը քիմիաթերապիայի կուրս է անցնում Կարակասում: «Նա լավատսական է տրամադրված», - լրագրողներին հայտնել էր փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն` Չավեսի առողջությանը նվիրված պատարագից հետո: Ըստ Մադուրոյի` բժիշկները վճռել էին քիմիաթերապիայի դիմել, երբ նախագահի օրգանիզմը վերականգնվել էր շնչառական վարակից հետո:

Ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո բւժման վերականգնողական  փուլ անցնող Ուգո Չավեսը Վենեսուելա էր վերադարձել  փետրվարի 18-ին: Մինչ այդ 2012թ. դեկտեմբերի սկզբից Վենեսուելայի նախագահը Հավանայում էր, որտեղ էլ վիրահատվել էր
Փետրվարի վերջին Ամերիկյան պետությունների կազմակերպության Պանամայի նախկին դեսպան Գիլիերմո Կոչեսը հայտնել էր, որ Վենեսուելայի նախագահին իբր արդեն անջատել են կենսապահովման սարքերից: