Եթե մենք թույլ տանք, որպեսզի ներկա քաղաքական դիմադրությունը դուրս գա ժողովուրդ-իշխանություն ձեւաչափի շրջանակներից, եթե ժողովուրդը կոտրվի եւ չշարունակի հանդարտ, օրինական, դրական պայքարը, մենք իսկապես կպարտվենք: Այս մասին, այսօր` մարտի 5-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հրավիրած հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Ինչպես Ազատության հրապարակից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Սաֆարյանի խոսքով`նրանք, ովքեր այսօր փորձում են շահարկել Րաֆֆի հովհաննիսյանի թիմի կողմից իբր կոնկրետ քայլերի բացակայության հարցը, փորձում են մի բան անել` շեղել ժողովրդի ուշադրությունը փետրվարի 18-ի իր հաղթանակից:

«Մենք հացադուլներ, նստացույցներ չենք կազմակերպել, չենք գնացել Բաղրամյան 26-ում գտնվող նախագահի նստավայր, մենք պարզապես հանգիստ մտել ենք քվեախցիկներ եւ կայացրել մեր հաղթական որոշումը: Մեր բոլոր հետագա քայլերը պետք է բխեն մեր այդ հաղթանակի տրամաբանությունից: Փետրվարի 18-ին մենք իշխանությունների համար իրավիճակ ենք ստեղծել, որից նրանք չեն կարող դուրս գալ: Մենք պետք է մշտապես ստեղծենք նման անելանելի վիճակներ իշխանությունների համար, որպեսզի հասնենք մեր վերջնական նպատակին` իրավականորեն ամրագրենք Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում»,-հայտարարեց Սաֆարյանը:

Հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ «Արարատ» հանդեսի խմբագիր Ալեն Սիմոնյանը, ով բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ արեց համախմբվել` հաշվի առնելով, որ մայիսի 5-ին տեղի են ունենալու Երեւանում ավագանու ընտրությունները: