Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է հերթական, «վճռորոշ» հանրահավաքն Ազատության հրապարակում անցկացնել առաջիկա կիրակի` մարտի 10-ին: Դրանից առաջ` մարտի 8-ին կայանալու է տոնական հանրահավաք` նվիրված Կանանց միջազգային օրվան: (ֆոտոռեպորտաժ)
Ինչպես հայտնել է Հովհաննիսյանն այսօր կայացած հանրահավաքում, մարտի 10-ի ակցիային հրավիրում է բոլորին` մեծ ու փոքր: Իսկ մարտի 8-ի տոնական հանրահավաքը նա անվանեց պատրաստություն տեւական պայքարի: Այդ օրը ելույթ է ունենալու նաեւ նրա կինը` Արմենուհի Հովհաննիսյանը. «Թեեւ ես հանել եմ առաջին տիկնոջ ինստիտուտը, բայց այդ տոնական օրը նա ելույթ կունենա ձեր առջեւ»:
Իր ելույթում Հովհաննիսյանը հատուկ ընդգծել է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները: «Մայիսի 5-ին ժողովուրդը Երեւանում իր ձեռքը կվերցնի իշխանությունը եւ կդարձնի ժողովրդական մայրաքաղաք: Դա կլինի մեր տեւական պայքարի կարեւոր փուլային հաղթանակ, բայց մինչ մայիսի 5-ը կա ապրիլի 9-ը, երբ մենք հաղթական զանգվածային ակցիա կանենք»,- ասել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր նախագահի երդմնակալության արարողության օրը Հանրապետության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողություն անցկացնելու մտադրության մասին:




























