Արտահերթ նիստը չկազմակերպելու դեպքում Հովիկ Աբրահամյանի` Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը ուշադրությունը շեղելու հնարք է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց, որ այդ թեման շոշափվում է ուշադրությունը շեղելու համար, որովհետեւ քառօրյայի սկզբին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեծամասնության անունից առաջարկել էր արտահերթ նիստ, որպեսզի քննարկեն հետընտրական իրավիճակը: «Դրանից հետո մենք եւ Դաշնակցությունը ներկայացրինք նախագիծը, բայց իրենք ոչ միայն մերժեցին մեր նախագիծը, այլեւ պարտավոր էին օրակարգ ներկայացնելու, չներկայացրին: Իրենք փաստորեն տապալեցին այն նախաձեռնությունը, որով հանդես եկան: Ավելի ճիշտ կլինի` իրենք նախ պատասխանեն այն հարցին, թե ինչու տապալեցին այն նախաձեռնությունը, որով հանդես եկան»,- նշեց «Ժառանգության» անդամը:

Նա ասաց, որ  դա բացարձակ համարժեք առաջարկ չէ ստեղծված իրավիճակին եւ ինքը չի արձագանքել դրան: Ռուբեն Հակոբյանի խոսքով` եթե նրանք ունեին առաջարկ կամ քննարկման թեմա, այդ ամենը պետք է հնչեր ԱԺ ամբիոնից` արտահերթ նիստի ժամանակ: «Առաջարկելու միակ ձեւը, եթե իրենք հրավիրեին այդ արտահերթ նիստը: Հիմա եթե իրենք արտահերթ նիստ չեն հրավիրում, որեւէ առաջարկ լուրջ չի ընդունել, այդ առաջարկը պետք է ունենա կարգավիճակ: Ի վերջո, իրենք ասել էին, թե նախաձեռնել էին արտահերթ նիստ: Դա ավելի շատ արված է ուշադրությունը շեղելու համար, որովհետեւ ի վերջո իրենք պիտի բացատրեն մեզ բոլորիս, թե ինչպես եղավ, որ իրենք առաջարկեցին արտահերթ նիստ անել եւ քննարկել հետընտրական իրավիճակը, իրենք էլ տապալեցին: Այդ առաջարկությունը ես չեմ ընդունել որպես առաջարկություն: Առաջարկությունը այդպես չի արվում, առաջարկությունը մենք պատրաստ ենք լսել արտահերթ նիստի ժամանակ»,- նշեց «Ժառանգության» անդամը: Նա նշեց, որ իրենք ասել են, որ համաձայն են իրենց կողմից առաջարկվող արտահերթ նիստին, եւ թող բերեն իրենց օրակարգը արտահերթ նիստի քննարկման ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ, որ ԱԺ խմբակցությունների հետ սկսված խորհրդակցությունները ձախողվել են, ինչպես նշել են «Ժառանգության» անդամները: «Ես համարում եմ, որ քննարկումներն ավարտված չեն, առավել եւս` ձախողված չեն»,-այսօր` մարտի 5-ին, Եռաբլուրում Yerkir.am-ի հարցին ի պատասխան հայտարարել է Հովիկ Աբրահամյանը, հավելելով, որ իրենք բազմիցս են ասել, որ ցանկացած պահի պատրաստ են նստել սեղանի շուրջ եւ շարունակել քննարկումները: Նա ընդգծել է, որ ԱԺ-ի լուծարումը հակասահմանադրական է եւ, բացառությամբ այս հարցի, իրենք պատրաստ են բարձրացված մյուս հարցերի շուրջ քննարկել կամ բանակցել:

Հովիկ Աբրահամյանը հայտարարել է նաեւ, որ առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որտեղ կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները: