ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժման կուրսեր է անցնում աջ ձեռքի ցավը մեղմելու ուղղությամբ,շատ  քիչ առաջընթաց է զգում: Առայժմ չի մտածում արտերկրում բուժում ստանալու մասին: Բժիշկները նրան հայտնել են, որ այս վիճակը կարող է շարունակվել նվազագույնը 3 ամիս:

Ի դեպ, Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեցինք նաեւ էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի ձերբակալման լուրերի մասին: Հարցին, թե հավատում եք, որ նա կապ ունի ձեր մահափորձի հետ, նա այսպես պատասխանեց. «Եթե մասնավոր մի բան լիներ, ասենք օրինակ` ընկերներ լինեինք, մի 20 տարի առաջ վիճած լինեինք, այդ մարդուն չեմ ճանաչել,  բացի այդ էլ` մահափորձը մասնավոր բան չի եւ մասնավոր նկատառումով չի արված, այլ քաղաքական, այդտեղ շատ անսպասելի բաներ են հնարավոր` պատվիրատու, պատվիրատուի պատվիրատու, պատվիրատուի պատվիրատուին պատվեր տվող, այնպես որ ես որեւէ նախնական գնահատական չեմ տա, քննություն անող կա, թող քննեն, դրա համար իրենք պետությունից աշխատավարձ են ստանում: Թող քննեն, պարզեն, մեզ ասեն, մենք էլ կամ հավաստի կհամարենք, կամ ոչ, մեր գործն է: Պարզ չի, որ ինքը անձ է, նա չի կարող լինել, եթե ինքը մասնակից է դրան, ապա ինչ-որ մեկի պատվերն է կատարել»:

Հայրիկյանը շեշտեց, որ երբեւէ շփում չի ունեցել Վարդան Սեդրակյանի հետ, չի էլ ճանաչել նրան, ընդամենը ընտրություններին «մի քանի հիմար արտահայտություններ է լսել»:

Ի դեպ, հայտնի չէ` ԱԻՄ-ը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, թե ոչ, կուսակիցները նրան չեն դիմել այդ հարցով` մտածելով չծանրաբեռնել: