Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր  Արշակ Խաչատրյանի  նախագահությամբ,  այսօր` մարտի 5-ին, անփոփոխ է թողել խոշոր չափերով եւ կաշառք ստանալու պատրվակով խարդախության մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ  նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 13-ի դատավճիռը:

Վերաքննիչ դատարանն այսպիսով մերժել է մեղադրող  Աշոտ Նադոյանի եւ պաշտպան Վաղարշակ Գեւորգյանի բողոքները:

Պաշտպանական կողմը միջնորդում էր  ամբողջությամբ բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 13-ի դատավճիռը, Վլադիմիր Կոթոլյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել եւ դադարեցնել քրեական հետապնդումը: Մերժելու դեպքում կողմը միջնորդում էր  նշանակել նույն հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման հետ չկապված պատիժ` տուգանք կամ նվազագույն կամ համաչափ պատիժ: Մեղադրող կողմը նույնպես միջնորդում էր բեկանել դատավճիռը՝ սակայն պատժաչափի խստացմամբ՝ Վլադիմիր Կոթոլյանին մեղավոր ճանաչել նախկին՝   կաշառք  ստանալու մեղադրանքով եւ  դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով`  1.484.560 ՀՀ դրամ գումարը չգերազանցող անձնական գույքի մեկ երրորդ մասի բռնագրավմամբ:

Ի դեպ, Վ.Կոթոլյանը գործով առաջին դատաքննության ավարտին հանցավոր էր ճանաչվել  կաշառք ստանալու մեջ եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման, սակայն հետագայում դատավճիռը բեկանվել էր եւ ուղարկվել նույն դատարան՝  նոր կազմով  քննության:    Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կայացված դատավճռով   ՀՀ քրեական  օրենսգրքի 311-րդ  հոդվածի  4-րդ մասի 2-րդ կետով՝  առանձնապես խոշոր չափերով  կաշառք  ստանալու  մեղադրանքը  վերաորակվել էր  ՀՀ քրեական  օրենսգրքի  178-րդ  հոդվածի  2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով մեղադրանքի՝  խարդախություն՝   խոշոր չափերով եւ կաշառք ստանալու պատրվակով, իսկ Վ.Կոթոլյանը  դատապարտվել  5 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվել էր   համաներումը, եւ  նրա  պատժաչափի չկրած մասը  մեկ երրորդով կրճատվել էր:

Վ.Կոթոլյանի պաշտպան Վաղարշակ  Գեւորգյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ անպայման բողոքարկելու է Վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարան, հաղորդում է «Փաստինֆոն»: