Սոֆիայում պատանդ են վորցրել հանցախմբի ղեկավար Էվելին Բանեւի մանկահասակ դստերը: Քրեական հեղինակությունը Իտալիայում սպասում է իր դատավճռին, որտեղ մեղադրվում է թմրանյութերի առեւտրի համար:
Հանցագործությունը կատարվել է մարտի 5-ի առավոտյան Սոֆիայի արվարձան Բոյանայում, հայտնում է BBC-ն: Հարձակման պահին Լարա անունով աղջնակն իրեն դպրոց տանող վարորդի հետ գտնվել է մեքենայում: Դիմակավոր հանցագործները կրակել են տղամարդուն, երեխային բռնի կերպով նստեցրել իրենց BMW X5 մեքենան, այնուհետեւ հեռացել են:
Իրավապահները փակել են քաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը, սակայն այդպես էլ հանցագործներին չի հաջողվել գտնել: Վիրավոր վարորդին ուղարկել են հիվանդանոց:
Էվելին Բանեւը, ով հայտնի է Բրենդո անունով, Իտալիայում կալանավորվել էր թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով: Սոֆիայի դատարանը 2013թ. փետրվարի 15-ին Բանեւին 7,5 տարվա ազատազրկման էր դատապարտել հանցախմբի ստեղծման եւ ղեկավարման, ինչպես նաեւ երկու մլն եվրո լվանալու համար: Դրանից հետո հանցագործին ժամանակավոր հանձնել էին Իտալիային՝ քննչական գործողություններ իրականացնելու համար, հետագայում Բանեւին կվերադարձնեն Բուլղարիա, գրում է NEWSru.com-ը:
Իտալիայի դատախազության տվյալով՝ թմրաբարոն Էվելին Բանեւը 2004-2007թթ. Եվրոպա կոկաին էր մատակարարում Լատինական Ամերիկայից: Իրավապահ մարմիններում ենթադրում են, որ դստերը պատանդ վերցնելով՝ հանցագործներն Էվելինին ակնարկում են «բերանը փակ պահել»:




























