«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ձայները ստացել է ինչպես շնորհիվ ակտիվ գործունեության, այնպես էլ այսպես կոչված բողոքական ձայների մեծամասնության ներգրավման, սակայն այդ ձայները պահելը շատ բարդ է: Այդ մասին մարտի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Այսօրվա դրությամբ շատ տարածված է կարծիքը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները նրան չեն պատկանում: Դա իրականությանը չի համապատասխանում: Սակայն պետք է ընդունել, որ նա չունի հստակ ծրագիր, թեեւ նա եւ իր կողմնակիցները զբաղվում են ակտիվ քաղաքական գործունեությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի մեկ այլ դրական կողմ է այն, ո նա բաց է քաղաքական երկխոսության եւ քննարկումների համար: Մարդը համագործակցություն է առաջարկում` չնայած նրան, որ չի պատրաստվում հրաժարվել իր սկզբունքներից»,- ասել է քաղաքագետը` հավելելով, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը բավական ուժեղ եւ ազդեցիկ թիմ ունի:
Ստեփան Գրիգորյանը նաեւ նշել է, թե կասկած չունի, որ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ երկրորդ հանդիպումը կկայանա:




























