Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդի Սեդրակ Քոչարյանն ընդդեմ երկու լրատվամիջոցի գործով առաջին նախնական դատական նիստը:

Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանները պահանջում են «Ժամանակ» թերթի հիմնադիր «Սկիզբ» մեդիա կենտրոնից եւ Առաջին լրատվական ինտերնետային կայքէջի հիմնադիր նույնանուն ընկերությունից հերքել հայցվորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները եւ հատուցել հրապարակումների հետեւանքով հայցվորներին պատճառված վնասը:

Վեճի առարկան հիշյալ երկու լրատվամիջոցում 2012թ. նոյեմբերի 27-ին ու 29-ին հրապարակված երկու հոդվածներն են՝ «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտ»-ի հետ» եւ «Քոչարյանների րոպեավճարը»: Ըստ հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Արփինե Մելիքբեկյանի՝ հոդվածներում տեղ են գտել իր վստահորդների պատիվն ու արժանապատվությունը արատավորող զրպարտչական տեղեկություններ: Ուստի հայցվոր կողմը պահանջում է հատուցել իր իրավունքների պաշտպանության ու վնասի հատուցման համար ընդհանուր առմամբ 5 մլն. ՀՀ դրամ՝ համապարտության կարգով:

Հայցվորների ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին ինքը նամակ է հղել «Սկիզբ» մեդիա կենտրոնին՝ իր վստահորդների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու խնդրանքով, սակայն ոչ հերքում, ոչ էլ որեւէ արձագանք չի հետեւել:

Պատասխանողներից մեկի՝ «Սկիզբ» մեդիա կենտրոնի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին նկատել է, որ հիշյալ նամակին կցված չի եղել համապատասխան լիազորագիր, այդ պատճառով էլ լրատվամիջոցը չի արձագանքել:

Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ հայցադիմումը ոչ ճիշտ ու ոչ հստակ է կազմված: Նա տարակուսանք է հայտնել, որ հայցվորները պահանջում են երկու լրատվամիջոցներից հատուցում՝ համապարտության կարգով՝ ոչ մի պատասխանող ուրիշի փոխարեն պատասխանատվություն չի կրում: Ներկայացուցիչը պարզաբանել է, որ լրատվամիջոցների միջեւ որեւէ կապ ու փոխկապակցվածություն չկա՝ բացի նրանից, որ լրատվամիջոցների հիմնադիրները եղբայրներ են, իսկ ազգակցական կապը չի կարող հայցի բավարարման հիմք դառնալ:

Հայցվոր կողմի միջնորդությամբ նիստը հետաձգվել է՝ ապրիլի 3-ի նախնական դատական նիստում հայցվոր կողմը կներկայացնի երկու ընկերությունների փոխկապակցվածության մասին, ինչպես նաեւ լրացուցիչ ապացույցներ, հաղորդում է «Փաստինֆոն»: