Էլեկտրոնային հարկային հաշիվները երկար ժամանակ չէ, որ ներդրվել են, ու դրանց ներդրումը նպատակ ուներ կրճատել ստվերը; Սակայն հարկատուներն արդեն հասցրել են սողանցք գտնել հարկերից խուսափելու համար:

Գործող կարգով՝ հարկատուն կարող է դուրս գրված էլեկտրոնային հաշիվը չեղյալ համարել եւ էլեկտրոնային ստորագրությունը ետ կանչել 24 ժամվա ընթացքում; Սակայն անբարեխիղճ հարկատուն կարող է 24 ժամվա ընթացքում ապրանքը հասցնել հանրապետության ցանկացած վայր, որից հետո չեղյա համարել հաշիվները՝ ապրանքի շրջանառությունը մտցնելով ստվեր:

ՀՀ կառավարությունը մարտի 7-ի նիստում որոշում ընդունեց էլեկտրոնային հաշիվը չեղյալ հայտարարելու ժամկետը 24 ժամից նվազեցնել մինչեւ 1 ժամի: «Խոսքը վերաբերում է, ցավոք սրտի, այսօր Հայաստանում մեծ տարածում գտած պրակտիկային, երբ ապրանքը մատակարարվում է, փաստաթուղթը տրվում է, եւ եթե ընթացքում ոչ մի խնդիր չի առաջանում, ապրանքը հասնում է պատվիրատուին, փաստաթուղթը ոչնչացվում է, որի արդյունքում էլ ստվերային շրջանառության մեծ ծավալ են ձեւավորվում։ Այս որոշումն էապես նվազեցնում է այդ ռիսկը», - այս առիթով պարզաբանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ վերջին 1 տարում մոտ 110 հզ. հարկային հաշիվ է փոխվել՝ մոտ 11 մլրդ դրամ շրջանառությամբ: 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թ-ի ապրիլի 1-ից: