ԱԱԾ պետի նախկին տեղակալ, ներկայումս Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն իր տեսակով աշխատող մարդ է եւ գնում է Շիրակի մարզ աշխատելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ֆելիքս Ցոլակյանը: Վերջինս նշեց, որ աշխատանքի ընթացքում ղեկավարվելու է իր սկզբունքներով: «Դրանք են ազնվությունը, արդարությունը, մարդկանց հետ հավասարը հավասարի հետ շփվելու հնարավորությունը եւ այլն եւ այլն»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նա չի կիսում այն կարծիքը, թե Գյումրին կրիմինալ քաղաք է համարվում: «Շատ մի կենտրոնացեք դրա վրա: Գյումրին կրիմինալ քաղաք չէ: Եթե վիճակագրությամբ նայենք մեկ ուրիշ քաղաք կարող է լինել առաջինը, բայց Գյումրին չէ: Յուրաքանչյուր քաղաք էլ ունի իր հանցագործությունները: Կրիմինալով զբաղվող օրգաններ կան: Եթե կրիմինալ կա, ուրեմն կզբաղվեն դրանով»,-ասաց մարզպետը:

Հարցին, թե ինչպիսի՞ն են իր հարաբերությունները Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի եւ ներկա քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ եւ արդյոք նրանք հասցրել են իրեն շնորհավորել նշանակման կապակցությամբ, Ցոլակյանն արձագանքեց. «Թե նախկին մարզպետի, թե Վարդան Ղուկասյանի, թե Սամվել Բալասանյանի հետ նորմալ հարաբերություններ ունեմ: Բոլորին ճանաչում եմ: Նրանք զանգահարել են դեռ այն ժամանակ, երբ դեռ հաստատված չէր, որ ես եմ նշանակվել, հիմա էլ նորից շարունակում են զանգել»: 

Նա ասաց, որ ՀՀԿ-ական չի դառնա, քանի որ անկուսակցական մնալը իր համար սկզբունքային հարց է: «Բայց բնականաբար կառավարության հետ լինելու է սերտ համագործակցություն»,- ավելացրեց մարզպետը: 

Խոսելով իր եւ Սերժ Սարգսյանի ծանոթության եւ հարաբերությունների մասին, մարզպետն ասաց, որ նրա հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է: «Ես նախկինում էլ ԱԱԾ-ում վարչության պետ եմ եղել եւ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ի պետն էր: Դրանից հետո եղել եմ Երեւան քաղաքի վարչության պետը: Այդ ժամանակ ինքը նորից նույն տեղում էր: Բայց մեր հարաբերությունները գործնական են եղել»,- պարզաբանեց Ֆելիքս Ցոլակյանը: Իսկ հարցին, թե արդյոք Երեւանից կտեղափոխվի՞ Գյումրի բնակություն հաստատելու, նա պատասխանեց. «Ես Երեւանում երբեք չեմ ապրել: Ապրել եմ Մասիսում, բայց արդեն կտեղափոխվեմ Գյումրի»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե հաջորդ համապետական ընտրություններում ՀՀԿ-ն կամ նրա թեկնածուները հաղթելո՞ւ է Գյումրիում, թե ինչպես վերջին երկու ընտրություններում, պարտվելու է իր մրցակից թեկնածուներին կամ կուսակցություններին, ինչին Ցոլակյանն արձագանքեց. «Հեռակա բաների մասին  ենք խոսում, ով լավ աշխատի, նա էլ կհաղթի: Ի՞նչի մասին է խոսքը»:

Ավելի վաղ արձագանքելով NEWS.am-ի  հարցին, թե իրեն որքանով է հոգեհարազատ մարզպետի պաշտոնը այն դեպքում, երբ ինքը ԱԱԾ պետի տեղակալն է, ասել էր. «Ինչ կապ ունի ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը: Դա այնքանով է կապված, որ ես արմատներով այդ տարածքից եմ: Բացի դրանից ժամանակին տարբեր քաղաքացիական աշխատանքներով եմ զբաղվել: 1996-1997թ-ին եղել եմ Ազգային անվտանգության Շիրակի մարզային վարչության պետը»: Ցոլակյանը նաեւ փոխանցել էր, որ ճիշտ է Երեւանում է բնակվում, բայց կապը պահում է Շիրակի մարզի բնակչության հետ: Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ մարզպետի պաշտոնը ուժային կառույցի ներկայացուցչի են առաջարկում,  արձագանքել էր. «Ուժային կառույցի ներկայացուցիչ լինելու հանգամանքը բացարձակ կապ չունի»: