Ապարանում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօրվա վերջին հանրահավաքը սկսվել էր ուշացումով: Երբ «Ժառանգության» առաջնորդը հասել էր քաղաքային հրապարակ, այնտեղ բացի հերթապահող ոստիկաներից, ոչ ոք չէր մնացել: Նկատելով նրան՝ հրապարակի մի անկյունում հավաքվեց մեկ տասնյակ մարդ: «Սա մե՛ր Ապարանն է, մե՛ր հայրենիքը: Մեր պապերը՝ բոկոտն եւ անոթի, այն պաշտպանել էին թշնամուց: Հիմա մենք եկել ենք իշխանությունը վերադարձնելու ժողովրդին: Այս գնացքը հետընթաց չունի: Ժողովրդի հաղթանակն անկասելի է», - նրանց է դիմել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մոտեցածներից մեկը դժգոհել է հանդիպումն ուշացելու համար, նշելով.  «Քաղաքացիները էս ցրտին կես ժամ կանգնել Ձեզ էին սպասել: Մյուս անգամ ցերեկով եկեք»: «Ցերեկով էլ կգանք», -  վստահեցրեց ընդդիմության առաջնորդը, ով դրանից առաջ 5 քաղաքներում հանդիպումներ էր անցկացրել:

Հանդիպմանը միացած մեկ այլ քաղաքացի որոշեց շատ ավելի լուրջ մեղադրանք ներկայացնել՝ Հովհաննիսյանին մեղադրելով նոր «մարտի 1-ի» վտանգ ստեղծելու մեջ: «Ով ասում ա՝ ընտրությունները նորմալ չեն անցել, թող ապացուցի կամ ասածի համար պատասխան տա: Տենց կռիվներ մեզ պետք չի, նոր մարտի մե՞կ եք ուզում լինի: Ժողովուրդը էլ չի ուզում», - բարձրաձայն դիմեց նա Րաֆֆի Հովհաննիսյանին:

Բայց երբ մեկ րոպե անց Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացավ պատասխանել այդ բանկչին, պարզվեց, որ զգացմունքային այս ելույթի հեղինակն անհետացել է:

Տեղացիներից մեկը չպատասխանեց այդ բնակչի ով լինելու մասին մեր հարցին, մեկ ուրիշի ներկայացմամբ՝ նա Ապարանի քաղաքապետի վարորդն է: