Այս ընդդիմությունը ինքը չգիտի, թե ինչ է ուզում, որովհետեւ իր ռազմավարությունը դեռ մշակված չէ, խմբակցությունը մի բան է մշակում, իրենք՝ մի բան: Այս մասին  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին՝ Ազատության հրապարակում:

Նա նշեց, որ բնական է, 37 տոկոս ձայն են ստացել, պետք է տաք պահեն իրենց ընտրազանգվածը, որ Երեւանի ընտրություններին մասնակցեն: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սովորական է, երբ իշխանությունն աշխատում է, իսկ ընդդիմությունը՝ քննադատում: Միեւնույն ժամանակ, նա շեշտեց, որ բոլոր ժողովրդավարական երկրներում կա ավանդույթ,  որ պարտված թեկնածուն շնորհավորում է հաղթած թկենածուին եւ շարունակում է քննադատել նրան, ինչը մեզ մոտ, ցավոք, չկա:

«Եթե ընդդիմություն ես, շնորհավորում ես իշխանության թեկնածուին, ապա տարբեր պիտակներ կարող են կպցնել»,- նշեց նա:

Մամուլի խոսնակն ասաց, որ քանի դեռ ՍԴ-ում դիմումներ կան, մեկնաբանություններ չի անի, բայց պետք է ենթարկվել  ՍԴ-ի վճռին՝ անկախ նրանից դա դուր կգա իրենց, թե՝ ոչ:  «Իրավական ճանապարհը դա է, մնացած ճանապարհները տանում են փակուղի» ,- նշեց նա:

Էդուարդ Շարմազանովը նաեւ տեղեկացրեց, որ կուսակցության գործադիր մարմինը  հավանության է արժանացրել իր այսօրվա մեկնաբանությունը՝ կապված գործընկեր Շուշան Պետրոսյանի հետ:  «ԳՄ բոլոր անդամներն են այդ կարծիքին: Շուշանը մեր անկախ Հայաստանի, մեր ժամանակների արվեստի տաղանդավոր գործիչներից է, մեծ հայրենասեր, ով իր կենսագրությամբ է ապացուցել իր նվիրվածությունը հայրենիքին եւ ժողովրդին»,- նշեց մամուլի քարտուղար: