Պուտինը պետք է այլ ոճով հանդես գա եւ ռեժիմը պետք է վերաուղղել: Նման տեսակետ է հայտնել ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչեւը, ով նշում է իր 82-ամյակը:

«Նա, իմ կարծիքով, ընդհանրապես շատ լարված է եւ անհանգստանում է, քանի որ ամեն բան չէ, որ հարթ է գնում: Ինձ թվում է, խոսքն այն մասին, որ նա պետք է այլ ոճով հանդես գա եւ ռեժիմը պետք է վերաուղղել»,-ասել է Գորբաչեւը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

«Նախ եւ առաջ մարդիկ պետք է վստահ լինեն, որ կարող են նախագահին ասել այն ամենը, ինչն անհրաժեշտ են համարում»,-ասել է նա ու հավելել, որ ինքն այս ընթացքում շատ քննադատական ելույթներ է ունեցել եւ մի անգամ Պուտինը նույնիսկ ասել է. «Պետք է կարճացնել Գորբաչեւի լեզուն»:

Գորբաչեւի խոսքով` արդեն մեկ տարի է չի հանդիպել եւ հեռախոսով չի զրուցել Պուտինի հետԼ «Թեեւ մենք պայմանավորվել էինք հանդիպումների մասին, եւ նրա օգնականներն արդեն գրաֆիկում ներառել էին դրանք, բայց հետո ինչ-որ բան խանգարեց: Դե վատ վազողին միշտ էլ մի բան խանգարում է»,-ասել է նա:

Նախկին նախագահին դուր չի գալիս ընդդիմության նկատմամբ ճնշումը, ինչպես նաեւ այն, որ «չկա համագործակցության մթնոլորտ մարդկանց խմբերի ու խավերի միջեւ»: «Ես կասեի` երկիրը դոփում է տեղում»,-ընդգծել է Գորբաչեւը:

Պուտինի համար գլխավոր սպառնալիքն, ըստ Գորբաչեւի, այն է, որ նա «չի անում այն, ինչ պետք է անի»: Իսկ Պուտինի շրջապատի մասին Գորբաչեւի կարծիքը միանշանակ է. «Որքան գողեր ու կոռուպցիոներներ կան այնտեղ: Նման վիճակում երկիրը տեղում է դոփելու, ինչպես սառցաբեկորը Սառուցյալ օվկիանոսում»: