Ամեն ինչը աշխարհում, կյանքում ոչինչ է դառնում, երբ մարդ կորցնում է իր առողջությունը: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Սա ամենաստվածահաճո մասնագիտությունն է, չկա ավելի մեծ բերկրանք, քան կյանք պարգեւել մարդուն: Երբ չունես այդ առողջությունը, ոչինչ չի երեւում աչքիդ: Մոտ 4000 փրկված կյանքեր խոսում են բժիշկների աշխատանքի մասին: Աշխատանքը շարունակվում է, կարողանում ենք օգնել բազմահազար ընտանիքների` հաղթահարելու չարիքը»,- նշեց նա:
Խաչանուշ Հակոբյանն մաղթեց ընտանիքներին առողջություն, անամպ երկինք, ուզում է, որ չլինեն այն կազմակերպությունները, որոնք աշխատում են կանանց նկատմամբ տղամարդկանց բռնությունների գործերով, ամուր ընտանիքներ է ուզում, առողջ մայրեր: «Իհարկե, առանց մեր տղամարդկանց մեր կյանքը առ ոչինչ է, ներդաշնակություն, հարգանք եւ փոխադարձ զիջումներ եմ ուզում մեր ընտանիքներում»,- նշեց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Զինվոր» հ/կ հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատյանը առաննացրեց որդեկորույս մայրերին: Նա նշեց, որ մինչեւ միակ որդու կորուստը, իր դերն ու նշանակությունը չի տեսել հայոց բանակում, սակայն 1996թ զգացել է մայրական խորհուրդը, մայրական ձեռքը բանակում: Նա շեշտեց, որ մոր վստահության քվեն ձեռք է բերել զինծառայողների, սպաների շրջապատում, իր դերի եւ նշանակության գնահատումը տալիս է զինվոր:
«Կնոջ դերը բանակում ավելի մեծ տեղ է գրավում: Մենք որդեկուրույս մայրերով, մեր որդիների փոխարեն պատրաստ ենք հայրենիքը պաշտպանելու, եթե պատերազմ լինի»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ կազմակերպության հասարակական խորհրդի 35 կանայք շրջում են զորամասերում, առաջին գծում:
Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը եւս պետք է ներկա լիներ ասուլիսին, սակայն չէր եկել` ժամանակի սղության պատճառով:




























