Այսօր` մարտի 8-ին, Երեւանում կայացել է հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների համար նախատեսված առաջին հայկական բլոգի եւ «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկի շնորհանդեսը:
iKin.am բլոգային կայքի խմբագիր Զառա Բաթոյանը շնորհանդեսի ընթացքում նշել է, որ այս նախաձեռնության հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել կանանց կիսել իրենց խնդիրները եւ հաջողությունները, քննարկել իրենց հուզող հարցերը եւ լուծումներ առաջարկել դրանց համար:
«Հաշմանդամություն ունեցող կանայք հիմնականում մեկուսացած են կարծրատիպերի պատճառով եւ այս կայքը հենց այդ կարծրատիպերը կոտրելու հնարավորություն կտա, որտեղ բոլորը կարող են ներկայացնել իրենց հուզող խնդիրները, կարիքները, փորձառությունը»,- ասել է Զառա Բաթոյանը:
Բլոգի ստեղծմանն աջակցել է Մոբիլիթի Ինթերնեյշնլ ԱՄՆ կազմակերպության Սիդ գրանտս ծրագիրը, որը հովանավորվում է Չենլ հիմնադրամի կողմից:
«Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկի թարգմանությունն ու հրատարակությունը նախաձեռնած «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց ՀԿ ղեկավար Կարինե Գրիգորյանն ասել է, որ գրքույկն առողջության մասին ձեռնարկ չէ, բայց պարունակում է հակիճ ու հասանելի տեղեկատվություն հաշմանդամության սոցիալական պատճառների վերաբերյալ, որոնք կօգնեն որոշակիորեն փոխել ընտանիքներում եւ հասարակությունում հաշմանդամություն ունեցող կանանց առողջությանը վերաբերող վնասակար համոզմունքներն ու սովորությունները:
«Հաճախ հաշմանդամություն ունեցող աղջիկների մասին չեն խոսում սեռական կյանքի մասին, մտածելով, որ երբեւէ չեն ամուսնանալու եւ դրա հետեւանքով կա տեղեկատվության լուրջ պակաս, այս գրքույկում ներառված տեղեկությունները գուցե լրացնեն նաեւ այդ բացը»,- գրքույկը ներկացնելիս ասել է ՀԿ «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց ՀԿ-ի հոգեբան Քրիստինե Աղանյանը:
Այսօր հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք ակտիվությամբ աչքի չեն ընկնում Հայաստանում: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ունեն նույն խնդիրները, աղջիկները կրկնակի խոցելի են նախ իրենց սեռի, ապա նաեւ հաշմանդամության պատճառով:
Խնդիրների համար հիմնական պատճառ են հանդիսանում ընտանիքի բացասական վերաբերմունքը, հասարակական կարծրատիպերը, համատարած անմատչելիությունը, բռնությունն ու շահագործումը, կրթութական եւ առողջապահական ծրագրերի, զբաղվածության անհասանելիությունը եւ այլն:
Մի փոքր վիճակագրություն
2012-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հրապարակած «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական եւ սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցում նշվում է`
• Հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին համեմատաբար ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին: Հաշմանդամություն ունեցող տղաների եւ աղջիկների ընդհանուր հարաբերակցությունը 2:1 է, իսկ մանկատներում այն գրեթե հավասարվում է (5.5:4.5):
• Ընդհանուր առմամբ, մանկատներում գտնվող հաշմանդամություն ունեցող տղա երեխաներին ընտանիքի անդամներն այցելում են ավելի շատ եւ նրանք տուն են գնում ավելի հաճախ, քան աղջիկները:
• Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ավելի շատ են հակված դուրս մնալ դպրոցից, քան տղաները. սեռերի միջեւ տարբերություններն ավելի ակնհայտ են մարզային քաղաքներում:
• Հաշմանդամություն ունեցող տղաների 5%-ը եւ աղջիկների 7%-ը երբեք դուրս չի գալիս տանից կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով:




























