Ադրբեջանում 15-ամյա փախստական աղջիկն ինքնահրկիզվել է ի նշան բողոքի` ընդդեմ պաշտոնյաների ամենաթողության: Ալմազ Քերիմլին` Քարվաճառից (նախկին Քելբաջար) մարտի 7-ին ինքնահրկիզվել է Գյանջայում, որտեղ ընտանիքի հետ բնակվում է Գյուլիստան բնակավայրում:

Պատճառը ընտանիքի հողատարածքի զավթումն էր: Նրանք այն գնել էին 1996թ., սակայն 2008թ. հողը վերաձեւակերպել էին վարչատնտեսական դատարանի նախագահ Զարբալիեւի անունով:

Տարբեր ատյաններ բողոքելով` ընտանիքը հասել էր որոշումը չեղյալ հայտարարելուն, սակայն ոստիկանները ուժով նրանց վռնդել էին իրենց տանից: Այնժամ Ալմազ Քերիմլին սպառնացել էր ինքնահրկիզվել: Ոստիկաններից մեկը նրան էր մեկնել կրակայրիչը: Դեռահասն իր վրա բենզին էր լցրել եւ վառել:

Ներկաներին հաջողվել է մարել կրակը, սակայն աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը կայուն ծանր են գնահատում եւ կանխատեսումներ չեն անում: