«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը 34/36 ընտրատեղամասում տեղի ունեցած քաշքշուկի ու վեճի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում հանդիպել եւ զրուցել է քննիչի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա չի կարծում, թե փորձում են նպատակադրված քաղաքական գործ բացել իր դեմ, որովհետեւ բացարձակ առիթ չկա, միեւնույն ժամանակ շեշտում է` «մեծ աշխարհ է, ոչնչի վրա չպետք է զարմանալ»: Ռուբեն Հակոբյանը պատմեց միջադեպի մասին, նշելով, որ 34/36 ընտրատեղամասում ապօրինական գործողություններ էին տեղի ունենում, ինչի մասին հանձնաժողովի իրենց անդամը տեղեկացրել է «Ժառանգության» շտաբին, եւ ինքը` որպես Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ, մեկնել էր այդ տեղամաս: «Երբ որ սկսի կանխել այդ հակաօրինակությունը, քիչ հետո այդ ընտրատեղամասում հակաօրինական ձեւով հայտնվեց Սուքիաս Ավետիսյանը, որովհետեւ այնտեղ Սերժ Սարգսյանը ուներ վստահված անձ: Նա սկսեց ինչ-որ հրամաններ իջեցնել բարձրաձայն հեռախոսով,վիրավորեց թե հանձնաժողովի անդամին, թե ինձ, բնականաբար ստացավ այդ վիրավորանքի պատասխանը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
«Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ հրամայել են տեղամասային հանձնաժողովի նախագահին, որ իր վրա բողոք գրի: «Չափից դուրս հստակ է, որ դա ուղղակի հրահանգ է եղել նախահարձակի սկզբունքով: Ապօրինական գործողությունը թաքցնելու համար փորձել են գործ սարքել, որովհետեւ իսկապես պատգամավորը ոչ կոռեկտ է պահել իրեն հանձնաժողովի նախագահի եւ իմ նկատմամբ, եւ ես հետեւողական եմ լինելու, որ ինքը օրենքի սահմաններում իր անօրինական գործողությունների համար պատիժ կրի»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 17:45-ի սահմաններում Գյումրիի թիվ 34/36 ընտրատեղամասում ԱԺ պատգամավորներ՝ Ռուբեն Հակոբյանի եւ Սուքիաս Ավետիսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի քննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Սուքիաս Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իր եւ Ռուբեն Հակոբյանի միջեւ չի եղել միջադեպը: «Ռուբեն Հակոբյանը մտել է հանձնաժողով, ներկայացել է որպես Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ եւ հանձնաժողովի անդամներին ահաբեկել է, որ դուք հանցագործություն եք արել, ես ձեր հերները կանիծեմ, դատի կտամ, կզանգեմ, ձեզ կգան կտանեն: Իմ վստահված անձը զանգել է ինձ, թե սենց բան է տեղի ունենում, ես էլ գնացի, այնտեղ: Ասում եմ` ինչ է պատահել, բա հանցագործությում է տեղի ունեցել, ասի` հանցագործություն է տեղի ունեցել, ոստիկանություն զանգիր, ինչ իրավունք ունես ահաբեկես հանձնաժողովին, կանայք են ասի, երիտասարդներ են, դուք քեզ ոնց ես թույլ տալիս ահաբեկել, ինքը, թե բա ես հիմա բողոք եմ գրում, ասի` գրի, ինչ իրավունք ունես մարդկանց ահաբեկես»- պատմել է նա:
Նշենք, որ «Հրապարակը» գրել է, թե հանձնաժողովի բոլոր յոթ անդամները մեկ մարդու նման կանչվել են Երեւան` բացատրություններ տալու, ՀՔԾ է կանչվել նաեւ այդ տեղամասում եղած ՀՀԿ խորհրդի անդամ Սուքիաս Ավետիսյանը.
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























