Ադրբեջանում մարտի 7-ի երեկոյան ձերբակալվել են NİDA քաղաքացիական շարժման ակտիվիստները։ Նրանց թվում են Մուհամեդ Ազիզովը, Բախտիյար Գուլիեւը եւ Շահին Նովրուզովը։

Ընդ որում՝ Ազիզովին փաստացի տնից են հանել։ Նրա մոտ իբր  թմրանյութեր եւ դյուրավառ խառնուրդով շշեր են հայտնաբերել։ Նրանց ձերբակալման մասին լրագրողներին պատմել է NİDA-ի ներկայացուցիչ Ուզեիր Մամեդլին։ Միաժամանակ Գյանջայում կալանավորվել է «Մուսավաթ» կուսակցության անդամ Մահիր Բայրամլին։

Ուզեիր Մամեդլին Turan գործակալությանը հայտնել է, որ NİDA-ի ձերբակալված ակտիվիստներ Բախտիյար Գուլիեւի եւ Շահին Նովրուզովի բնակարանում  դիտմամբ թմրանյութեր եւ Մոլոտովի կոկտեյլով շշեր էին թողել:

Ըստ նրա` դրանք թողել էին քաղաքացիական համազգեստով մի շարք  անձինք, որոնք ձերբակալվածների մոտ էին եկել մարտի 7-ի երեկոյան եւ ներկայացել որպես Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ: Թմրանյութերը եւ պայթուցիկ նյութով շշերը նրանք դրել էին տանտերերի աչքի առաջ:

Ամենայն հավանականությամբ իշխանությունները երիտասարդ ակտիվիստներին ցանկանում են մեղադրել անկարգությունների կազմակերպման, թմրանյութերի պահպանման եւ այլնի մեջ, սակայն զինվորականների մահվան դեմ մարտի 10-ին նշանակված բողոքի ցույցի նախաձեռնողները մտադիր չեն դրանից հրաժարվել, գրում է  contact.az-ը: