Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել է Համազգային վստահության խորհրդի կողմից կազմակերպված «Հայուհի 2013» մրցանակաբաշխությանը: Միջոցառման սկզբում, մրցանակաբաշխության կազմակերպիչների նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Մեր օրերի հայ անվանի կանայք» գրքի շնորհանդեսը, որի առաջին օրինակները քաղաքապետ Տարոն Մարգարյանն հանդիսավորությամբ հանձնել է միջոցառմանը ներկա գրքում ներկայացված կանանց:
Շնորհավորելով մարտի 8-ի եւ տոնին համընկած շնորհանդեսի կապակցությամբ` քաղաքապետը մասնավորապես նշել է, որ կնոջ հանդեպ դրսեւորած սերն ու հարգանքը մեր ազգային ընդգծված առանձնահատկություններից մեկն է:
«Գաղտնիք չէ, որ մեր ընտանիքներում մեծամասամբ հենց հայ կինն է իր ուսերին տանում մեր երեխաների դաստիարակության ու կրթության պատասխանատու բեռը: Նաեւ այս տեսանկյունից է շատ ողջունելի հայ կանանց նվիրված գրքի ստեղծման գաղափարը: Առիթից օգտվելով նաեւ սրտանց շնորհավորում եմ մեր սիրելի մայրերին, կանանց ու քույրերին՝ իրենց գեղեցիկ տոնի առիթով: Շնորհակալ ենք, որ դուք կաք, մեր կողքին եք: Առողջ եղեք ու թող երջանկությունն ու հաջողություններն անպակաս լինեն ձեր օջախներից»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Միջոցառումն ուղեկցվել է «Սիրո եւ գեղեցկության գարնանային գույներ» խորագրով համերգային ծրագրով:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել դեռեւս նախորդ տարեվերջին անցկացված հատուկ սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն վերջին 20 տարիների Երեւանի լավագույն քաղաքապետ ճանաչվելու մասին վկայագիրը:





























