ՀԱԿ-ի պարագայում կա որոշակի անորոշություն` նախկինը (դաշինքը) գոյություն չունի, իսկ նորը (կուսակցությունը) դեռ կազմակերպված չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ի հետ հանդիպում եւս կլինի` անհրաժեշտության դեպքում:

«Մենք ասել ենք, որ կողմ ենք ոչ իշխանական ուժերի համախմբմանը, բայց, քանի որ նախնական կոնսուլտացիաներ կային հենց ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ, տվյալ փուլում այս ֆորմատով է հանդիպումը կայացել»,- ավելացրեց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ այս պահին ավելին ասել չի կարող, քանի որ քննարկումները շարունակվում են:

Ավելի վաղ մամուլը տեղեկացրել էր, որ մարտի 8-ին  ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) եւ «Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: «ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցել են Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը: Քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, եւ կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները: Այս հարցում վերջնական որոշում չի կայացվել: Ընդամենը որոշվել է քննարկումը շարունակել այսօր:

Հետաքրքիր է, որ այս քննարկումներից դուրս է թողնվել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), թեեւ ՀԱԿ ներկայացուցիչները եւս կողմ էին արտահայտվել միասնական ցուցակին: ՀԱԿ-ի մասնակցությանն ամենաշատը դեմ է «Ժառանգությունը», որի ներկայացուցիչներն, ըստ էության, դեմ են որեւէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը»,- գրել էր «168 ժամը»: