Վարդենիսցիները չեն վախեցել թշնամու «Գրադ» կայանքներից, չեն վախենա նաեւ իրենց իրավունքների համար պայքարից: Այս մասին, այսօր` մարտի 9-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Վարդենիս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Վարդենիսցին վախկո՞տ է, ոչ դրանք հեքիաթներ են: Վարդենիսցին քաջ մարդ է եւ հիմա նա չի վախենա մարդկային բարեւից: Մարդիկ, ովքեր չեն վախեցել թշնամուց, հիմա փոխանակ պատասխանեն բարեւին, որպեսզի անձամբ բարեւեն ինձ իրենց քաղաքում, շրջվում են ու հեռանում»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելել. «Վարդենիսը հաղթել է: Ես կանգնած եմ ձեր կողքին մինչև տեսնենք մեր հաղթանակը: Չկասկածեք: Չեմ վախենում, վախեցուկ չեմ: Այլևս ոչ մեկը մեր հաղթանակը մեզանից չի վերցնելու և դուք դա տեսնելու եք»:

«Բայց ես մարդկանցից չեմ վիրավորվում, ես գիտեմ, որ միասին մենք ունակ ենք այդ ամենը փոխել եւ իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Դրա համար ես հիմա կգնամ եկեղեցի եւ մոմ կվառեմ մեր ողջ ժողովրդի համար: Կաղոթեմ նաեւ այն զինվորների համար, ում բերել ու ստիպել են մասնակցել ընտրախախտումներին»,-հայտարարել է ընդդիմության առաջնորդը: