Իրաքի կառավարությունում երկու սուննի նախարարներ հրաժարական են տվել` Մոսուլում ցուցարարի մահվանից հետո: Առաջինն իր որոշման մասին մեկ շաբաթ առաջ բարձրաձայնել է Ֆինանսների նախարար Ռաֆիա ալ-Իսսավին, նրան երեկ հաջորդել է գյուղատնտեսության նախարար Էզդին ադ-Դաուլան, ով սուննիների «Ալ-Իրաքիա» բլոկի անդամ է:

Ռաֆիա ալ-Իսսավին հրաժարականից առաջ հայտարարել է, որ այլեւս չի պատրաստվում մաս կազմել «այդ կեղծ կառավարությանը, որը չի հարգում սեփական ժողովրդին»:

Նշենք, որ զանգվածային ցույցերը շարունակվում են դեկտեմբերի վերջից, որոնք տեղի են ունենում հիմնականում սուննի փոքրամասնության ներկայացուցիչներով բնակեցված վայրերում: Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել հակաահաբեկչական օրենքի որոշ դրույթներ, որոնք, ըստ նրանց, իշխանություններին թույլ են տալիս «ամենաթողություն ստեղծել»: Նրանք վարչապետից պահանջում են դադարեցնել սուննիների հետապնդումը, նրանց նկատմամբ խտրականությունն ու հրաժարական տալ, հաղորդում է Vesti.ru-ն:

Բողոքի ակցիայի առիթը եղել է ալ-Ասսավիի թիկնապահների կալանավորումը: Պաշտոնական վարկածի համաձայն` նրանք ձերբակալվել են ահաբեկչական գործունեության կասկածանքով: Միաժամանակ, ինքը` քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր թիկնապահների ձերբակալմանն առնչություն ունի երկրի վարչապետը եւ այդ քայլը կրում է «բացահայտ կրոնական ենթատեքստ»: