Հրանտ Դինքի եղբոր աղջկա՝ Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» ֆիլմը մասնակցելու է Ստամբուլի 32-րդ կինոփառատոնին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, «Սարոյանի երկիրը» ֆիլմը ներկայացնում է 1964 թվականին հայ մեծ գրող, ամերիկաբնակ Վիլիամ Սարոյանի ուղեւորությունն իր պապերի հողը՝ Արեւմտյան Հայաստան։ Վիլիամ Սարոյանի դերակատարումն ստանձնել է թուրք հայտնի գրող Ալի Բայրամօղլուն։

Ստամբուլի մշակույթի եւ արվեստի հիմնադրամի կողմից կազմակերպող կինոփառատոնը սկսվելու է մարտի 30-ին եւ տեւելու է մինչեւ ապրիլի 14-ը։

Նշենք, որ Վիլիամ Սարոյանի ծնողները 1905-ին պարտադրված լքել են Բիթլիսը եւ մեկնել ԱՄՆ։ Վիլիամ Սարոյանը 1964-ին կարողանում է թուրք հայտնի գրող Յաշար Քեմալի ուղեկցությամբ այցելել Բիթլիս։