Այսօրվա դրությամբ ԲՀԿ-ն նախընտրում է որպես առանձին ուժ հանդես գալ, այլ ոչ թե «Ժառանգության» հետ միասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցոքւմ նշել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» միասնական ցուցակով հանդես կգան մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում:
«Ինչ վերաբերում է «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հնարավոր միությանը, կա հավանականություն, որ նրանց կհաջողվի միասնական ցուցակով հանդես գալու համաձայնության հասնել: Երկու կուսակցությունների միացման դեպքում միասնական ցուցակը կգլխավորեն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ՀՅԴ-ից որեւէ մեկը: Հաշվի առնելով այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր չէ, միանգամայն հավանական է, որ հենց նա էլ գլխավորի Երեւանի ավագանու ընտրությունների միասնական համամասնական ցուցակը»,- ընդգծել է քաղաքագետը:
Հարցին՝ ինչով կարելի է պայմանավորել ՀԱԿ ներկայացուցչի բացակայությունը ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպմանը, Ալեքսանդր Մարկարովը հայտարարել է, «Ես, անկեղծ ասած, վստահ չեմ, թե ով՝ ում է հրավիրել հանդիպմանը եւ ով է դրանից հրաժարվել: Եթե հրավեր չի եղել, ապա դա ուրիշ սցենար է, իսկ եթե հրավեր եղել է, դա արդեն միանգամայն այլ բան է»,- եզրակացրել է քաղաքագետը:



























