Նախագահական ընտրություններում ընտրողի ձայնը խեղդել են ներքին թշնամիները: Այս մասին այսօր`, մարտի 9-ին, հայտարարել է «Ժառանգությոն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ելույթ ունենալով Մարտունի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Մի ժամանակ թուրքերն էին այդպես վարվում. հայերի միջից ընտրում էին նրանց, ովքեր պատրաստ էին իրենց ծառայել, խոնարհվել իրենց առջեւ, եւ կառավարում էին այդպիսի մարդկանց շնորհիվ: Հիմա մեր հայրենիքում իշխում են մեր ժողովրդի ներսի թուրքերը»,-հայտարարել է Ռուբեն Հակոբյանը:
Նա հիշեցրել է, որ Գեղարքունիքի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանն ստացել է ամենաքիչ ձայնը: «Րաֆֆի Հովհաննիսյանն ստացել է, ավելի ճիշտ այստեղ նրա համար նկարել են ամենաքիչ ձայները եւ ի՞նչ է ստացվում. մեր փոխարեն քվեարկել են նրանք, ովքեր կյանքի համար գումար են վաստակում Ալթայում կամ Ամերիկայում: Մեր գյուղերը դատարկ են, դա բոլորը գիտեն: Նրանց ձայները տնօրինել են իրենց հայեցողությամբ: Ինձ համար ամոթալի է, որ մեր հայրենիքում մեր ժողովրդի հետ այդպես են վարվել»,-նշել է ընդդիմադիր գործիչը:
Այդուհանդերձ, ըստ նրա, ժողովրդի հավաքական ուժն ունակ է շատ բան փոխել: «Միասին մենք կարող ենք շատ բան անել, եթե հավատանք մեր ուժերին»,-ընդգծել է Հակոբյանը:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am



























