Վրաստանի պաշտպանության նախարարությունում ֆինանսական լուրջ խախտումներ են բացահայտվել, տեղեկացրել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին:
«Մեր գերատեսչությունը եւ ՆԳՆ համապատասխան բաժինը պաշտպանության նախարարության 2005-2012թթ. ֆինանսատնտեսական դրության ստուգում են անցկացնում: Նախնական տվյալով՝ արդեն մի քանի միլիոն լարիի անհամապատասխանություն կա», - ասել է Քբիլաշվիլին:
Նա նշել է, որ այժմ թվերը ճշտվում են, ինչից հետո կբարձրացվի որոշակի անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նախօրեին երկրի պաշտպանության նախարարի խորհրդական Վակո Ավալիանին հայտնել էր, որ Վրաստանի նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը նախընտրական շրջանում օգտագործել է Վրաստանի բանակի համար հատկացված վառելիքը: «Հենց այդ դրվագով Վրաստանի պաշտպանության նախարարությանը հասցվել է 55 հազար լարիի վնաս (մոտ 33 հազար դոլար): Դա կատարվել է այն շրջանում, երբ Վրաստանի պաշտպանության նախարարը Դմիտրի Շաշկինն էր»,- հայտնել է Ավալիանին, գրում է «Նովոստի-Գռուզիան»:
Մի քանի օր առաջ Ավալիանին լրագրողներին հայտնել էր, որ ստուգումների ընթացքում ավելի քան 1,5 մլն դոլար ընդհանուր արժեքով ուկրաինական արտադրության օգտագործման համար ոչ պիտանի երեք հազար զրահաբաճկոնների գնման փաստ է բացահայտվել:
Հիշեցնենք, Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը 2012թ. հոկտեմբերի 1-ի ընտրություններից հետո ընտանիքի հետ լքել էր երկիրը: Մարտի 6-ի գիշերը նա ԱՄՆ-ից վերադարձել էր հայրենիք՝ մեկնումը բացատրելով ընտանիքը վտանգից պաշտպանելու մղումով:




























