Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգստային քաղաքի բնակիչները նավակներով փորձում են շրջափակել Սուեզի ջրանցքը եւ նավերին թույլ չեն տալիս մտնել այնտեղ: Հազարավոր բնակիչներ դուրս են եկել քաղաքի փողոցներ` բողոքելով տեղի ֆուտբոլային թիմի երկրպագուների նկատմամբ դատավորի «անարդար եւ քաղաքականացված» վճռի դեմ:

Մոտ երկու հազար ցուցարարներ շրջափակել են նաեւ նավերի երթեւեկությունը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Բողոքի ակցիաների նոր ալիքն սկսվել է ֆուտբոլային մարզադաշտում արյունալի անկարգությունների գործով 21 ամբաստանյալների նկատմամբ դատարանի կողմից մահվան դատավճռի կայացումից հետո:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. փետրվարին Պորտ Սայիդի ստադիոնում արյունալի անկարգություններին զոհ էր գնացել 74 մարդ:

Մեղադրյալի աթոռին էին հայտնվել Պորտ Սայիդի «Ալ Մասրի» ակումբի երկրպագուները` թվով 73 մարդ: Մեղադրական դատավճիռ ստացածների մեջ կային նաեւ ոստիկաններ, հաղորդում է dnaindia.com-ը:

Կախաղանի միջոցով մահվան էր դատապարտվել 21 մարդ, 5 մարդ դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ 6-ը` 15 տարվա ազատազրկման, եւս 28 մարդ արդարացվել էր: