«Ժառանգություն», ՀՅԴ եւ ԲՀԿ կուսակցությունների եռակողմ հանդիպումների ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցչի բացակայության հետ կապված տարբեր կարծիքներ են հնչում, սակայն այդ առնչությամբ որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

«Հայտնի է, որ այդ երեք ուժերի միջեւ նախնական խորհրդակցություններ են անցկացվել, բայց որեւէ հայտարարություն չի եղել: Գոյություն ունեն տարբեր տեսակետներ Երեւանի ավագանու սպասվող ընտրությունների հետ կապված: Նույնիսկ տեսակետ կա, որ այս բողոքի ալիքն ուղղված է նրան, որպեսզի շեղեն ուշադրությունը: Հետեւաբար, ես կարծում եմ, որ բոլոր այդ գործընթացները եւ խոսակցությունները բավական նախնական են:

Քաղաքական կուսակցությունները, որոնք երկար ժամանակ գտնվել են գործընթացից դուրս, այսօր ակտիվություն են դրսեւորում: Այդուհանդերձ, այդ հարցում կոնկրետություն դեռ չկա»,-ընդգծել է քաղաքագետը:

Հարցին, թե ո՞վ կարող է գլխավորել միասնական համամասնական ցուցակը, եթե «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն միավորվեն, Մանվել Սարգսյանը պատասխանեց, որ իրենք էլ դեռ չգիտեն: «Այդ հարցում նույնպես կուսակցությունները հստակություն չեն մտցրել, թե ինչպես են վերաբերում Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Իհարկե, կուսակցությունների միջեւ քննարկումներ են ընթանում, բայց պաշտոնական հայտարարություն չի եղել, որպեսզի հայ հասարակությունը որեւէ կարծիք ձեւավորի»,-ընդգծել է քաղաքագետը: