Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 9-ին, ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, վարչության անդամ Վազգեն Կալթակճյանին եւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետն իր եւ կուսակցության ղեկավար մարմնի անունից շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում: Սեդրակ Աճեմյանը բարձր է գնահատել նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության գործունեությունը, ընդգծելով, որ թեեւ դեռեւս առկա բազմաթիվ խնդիրներին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում, Հայաստանը հաջողությամբ ընթանում է բարեփոխումների ուղիով, եւ անցած ժամանակահատվածում զգալի աշխատանք է արձանագրվել:
ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը փետրվարի 18-ի ընտրությունները նախորդների համեմատությամբ, մի քանի քայլով առաջընթաց է գնահատել, որը դրական արձագանք է գտել նաեւ միջազգային ասպարեզում: Սեդրակ Աճեմյանը դրվատանքով է խոսել Հայաստանում սիրիահայերի նկատմամբ ՀՀ նախագահի գլխավորությամբ իրականացվող քաղաքականության, մեր հայրենակիցներին ցուցաբերվող մեծ ուշադրության, աջակցության եւ հոգատար վերաբերմունքի մասին: Նշելով, որ հայ ժողովուրդը դեռեւս դժվարին մարտահրավերներ ունի հաղթահարելու, ՍԴՀԿ ներկայացուցիչները կարեւորել են համազգային խնդիրների լուծման գործում միասնականությունը եւ վերահաստատել կուսակցության պատրաստակամությունը՝ շարունակելու ի նպաստ մեր ժողովրդի եւ պետության աջակցել իշխանություններին՝ այդ խնդիրների լուծման գործում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի եւ հնչած գնահատականների համար՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ ՍԴՀԿ պատմական դերակատարությունը համազգային խնդիրների լուծման գործում եւ կարեւորում է կուսակցության համագործակցության պատրաստակամությունը:



























